Արցախի սահմանին վերջին օրերին կրկին լարվածության աճ է գրանցվել: Այսօր Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: 

 

ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ Գոռ Խուդինյանը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան համայնքից էր: Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գոռը և իր ընտանիքը վաղուց է՝ գյուղում չեն բնակվում: «Նրանք 10 տարի, եթե ոչ ավել, բնակվում են Վանաձորում»,- նշեց Թամազյանը: 

 

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Մասնավորապես, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 62 արկ, որից 10-ը հրանոթից, 52-ը ականանետերից:

 

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ, որի մասին երեկ հայտարարել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը: