Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի մահվան հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից:

 

2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

 

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

 

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: