«Դատաբարտյալների հիվանդանոց»-ը «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին հրաժարվում է պարկեր տրամադրել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը:

Նշենք, որ Թաթուլ Թամրազյանի երիկամը հեռացրել են, մաս են կտրել աղիքից և այժմ աղիքները դրսում են:

«Երբ վիրահատեցին, ասացին՝ աղիքը 6 ամիս պարկի մեջ դրված ու կողքից կախված պետք է մնա: Պարկերը բավականին թանկ են, ամիսը երկու տուփ է հարկավոր, որի համար վճարում են 16 000 դրամ: Քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ը հրաժարվում է տրամադրել, նրա ընտանիքն է գնում: Հայաստանում միայն նրա մորաքույրն է և ֆինանսապես լավ վիճակում չեն գտնվում»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակը:

Հավելենք՝ Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը):

Թաթուլ Թամրազյանի հարազատները բնակվում են ՌԴ-ում։ Բանակ զորակոչվելու նպատակով նա վերադարձել է Հայաստան, ծառայել Զինված ուժերում և մնացել Հայաստանում։ 

Սոնա Հարությունյան