25-ամյա Հերմինե Խ.-ն ՀՀ ոստիկանության «Զվարթնոց»-ի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Ոսկե գավաթ» հյուրանոցային համալիրում Արթուր Ս.-ն ինչ-որ նյութ է լցրել իր և իր մորաքրոջ դստեր՝ Քնար Խ.-ն սուրճի բաժակներում, որից հետո ինքնազգացողությունը վատացել է և Արթուր Ս.–ն, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Նախաքննության ընթացքում հերքվել է Արթուր Ս.-ի կողմից Հերմինե Խ.-ին բռնաբարելու հանգամանքը: Այսինքն՝ Հերմինեն հայտնել է այնպիսի հանցագործության մասին, որն ընդհանրապես չի կատարվել: Գիտակցել է, որ իր տրամադրված տեղեկությունը կեղծ է, բայց Արթուրին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը զղջացել է կատարածի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, նախկինում դատապարտված չի եղել, և որ նրա խնամքի տակ է գտնվում մինչև 6 տարեկան երեխա:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, գտել է, որ Հերմինեն կարող է ուղղվել առանց պատիժը կրելու:

Հերմինեի նկատմամբ սահմանվել է 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան: