Շարունակվում են արձագանքները՝ ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի կոչին, որով նա հորդորում էր Թուրքիայի առաջադեմ քաղաքական գործիչներին և լրագրողներին դատապարտել Լապշինի արտահանձնումն ու ձերբակալումը: Թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Շանար Յուրդաթափանը և թուրքական խորհրդարանի նախկին պատգամավոր, Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ Ուֆուկ Ուրասը (միակ պատգամավորն էր, որը, ֆուտբոլային հանդիպման ժամանակ, Աբդուլա Գյուլի հետ եկավ Հայաստան) բողոք-նամակներ են ուղարկել՝ ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Իսրայելի խորհրդարանին՝ Կնեսետին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, RUSSIA TODAY, RIA NOVOSTI, INTERFAX, ITAR TASS լրատվական գործակալություններին:

Բողոք-նամակում մասնավորապես ասվում է, որ անընդունելի է լրագրող Ալեքսանդր Լապշինի ազատազրկումը միայն այն բանի համար, որ նա արտահայտել է իր կարծիքը: Նամակում պահանջում են ազատ արձակել նրան. «Դժբախտաբար, շատ երկրներում իշխող կուսակցությունները կամ առաջնորդները իրենց իշխանությունը հարատև դարձնելու համար փորձում են ստեղծել «ոստիկանական պետություններ»: Ադրբեջանը այդպիսի պետություններից մեկն է: Ես պետք է խոստովանեմ, որ մենք նույնպես գտնվում ենք նմանատիպ իրավիճակում՝ Թուրքիայում: Չնայած դրան՝ մենք՝ մարդու իրավունքների պաշտպաններս, պետք է հավասարապես ընդդիմանանք այսպիսի խախտումներին. լինի դա Անկարայում, Մինսկում, թե՝Բաքվում»:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն ասաց, որ սա աննախադեպ արձագանք էր՝ Թուրքիայից. երբեք, ի լուր աշխարհի, նման արձագանք չէր եղել Ալիևի բռնապետության շուրջ. «Սա նոր որակ է թուրքական քաղաքացիական հասարակության էլիտայի մեջ, որոնք հույս են ներշնչում, որ սա լինելու է այն հարթակը, որի վրա Թուրքիան կլինի դեմոկրատական երկիր, որտեղ ոտնահարված չեն լինի մարդու իրավունքները, կդատապարտվի ցեղասպանությունը և կմտածեն հետևանքների վերացման մասին: Նրանք դատապարտում են Ալիևի բռնապետական քաղաքականությունը»:

Արագած Ախոյանի խոսքով՝ այսպիսի մարդիկ հույս են ներշնչում. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց, որովհետև սրանք երկխոսության ծիլեր են, որոնք նոր պետք է ծլեն և հարթակ հանդիսանան հետագա կապերի հաստատման համար»: 

Նշենք նաև՝ ԱԺ պատգամավորը ևս պատրաստվում է Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Արագած Ախոյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Արագածոտնի մարզում:

Հետաքրքրվեցինք՝ Արագածոտնում ինչպե՞ս է ընթանում մրցակցային պայքարը, Արագած Ախոյանը պատասխանեց.

«Մեզ մոտ կոռեկտ մրցակցություն է, միմյանց վերաբերվում ենք հարգանքով: Այնպիսի մշակույթ են ձևավորել, որ որևէ ընտրության պատճառով չխաթարվեն մեր հարաբերությունները, քանի որ մեր ազգին պակասում է հավաքական կերպարը»:

Սոնա Հարությունյան