Ծաղկաձոր, Դիլիջան և Ջերմուկ քաղաքների ղեկավարությունը ՀՀ կառավարությանը ներկայացրել է մասնավոր հատվածի մասնակցությամբ բիզնես առաջարկներ, որոնք քննարկման փուլում են։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 23-ին զեկուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Նախարարի տեղեկացմամբ՝ ծրագրերն ամփոփված են և միայն ընթացակարգային հարցերի պատճառով է, որ դրանց իրականացումը տեղափոխվում է մայիս։

Նախարարը անդրադարձել է նաև առանձին տարածքներում բյուջետային մուտքերի և ծախսերի անհամաչափությանը։ «Ենթադրենք, մեկ քաղաք, որն ունի 10.000 բնակիչ, աղբահանության համար ծախսում է 40 միլիոն դրամ, իսկ նմանատիպ մեկ այլ քաղաք նույն նպատակով ծախսում է մինչև 8 միլիոն դրամի չափ գումար: Նույն երևույթը նկատվում է մանկապարտեզների ծախսերի մասով՝ մեկ երեխայի համար ծախսը տատանվում է 14 հազար դրամից մինչև 31 հազար դրամ»,- ասել է Լոքյանը։

Նա հավելել է, որ նախարարությունը հատուկ մեթոդական ձեռնարկ է ստեղծել, որը հնարավորություն է տալիս միջինացնել մեկ շնչին ընկնող ծախսը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին փետրվարի 23-ին զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը: