Մալայզիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր մահը վրա է հասել թունավորման հետեւանքով, ընդ որում օգտագործված թույնը մտնում է մարտական թունավոր նյութերի կատեգորիայի մեջ, տեղեկացնում է BBC-ն:

 

Նախնական եզրակացության համաձայն՝ Կիմ Չեն Նամը թունավորվել է այն քիմիկատով, որը հայտնի է որպես VX:
Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել՝ տարրալուծելով այն նյութը, որը մնացել էր զոհվածի դեմքին եւ աչքերին:
VX-ը մի նյութ է, որն ունի խիստ նյարդակաթվածահարող ներգործություն: Այն համարում են ամենաթունավորը մարդու կողմից սինթեզված բոլոր արհեստական թույներից:

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայրը մահացել է անցյալ շաբաթ այն բանից շատ չանցած, երբ Քուալա Լումպուրի օդանավակայանում նրա գլխին թունավոր նյութով թրջված թաշկինակ են նետել:

 

Սպանությանը մասնակցել են երկու կանայք: Մեկը շեղել է Կիմ Չեն Նամի ուշադրությունը, իսկ մյուսն այդ ժամանակ հետեւից նրա դեմքին է նետել թունավորված թաշկինակը:

 

Երկու կանանց (Ինդոնեզիայի եւ Վիետնամի անձնագրերով) քննիչները ձերբակալել են անմիջապես: Ոստիկանությունում նաեւ հայտնել են Հյուսիսային Կորեայի 46-ամյա մի բնակչի ձերբակալման մասին՝ Ռի Չոն Չհոլ անվամբ:
Կասկածյալների թվում են նաեւ հյուսիսկորեացի մի դիվանագետ եւ ԿԺԴՀ-ի ավիաընկերության մի աշխատակից: