Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Հանրապետական» կուսակցության տարածքային շտաբներից մեկում նախընտրական կրքերը թեժացել են՝ ընդհուպ հասնելով ծեծկռտուքի:

 

Թեժ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի ՀՀԿ-ի նախընտրական շտաբներից մեկում՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցների մեջև:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության Խորհրդի նախագահ Ալիկ Սարգսյանը նշեց, որ կատարվածի մասին որևէ տեղեկատվություն չի կարող տալ, և չգիտի՝ ինչ է կատարվել երեկ Մասիսում: Դիտարկմանը, որ ծեծկռտուք և վիճաբանություն է տեղի ունեցել Մասիս քաղաքի՝ ՀՀԿ-ին պատկանող շտաբում, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Դա իմ ղեկավարության տակ չի գտնվում, այնտեղ ՀՀԿ-ի շտաբ չկա, կարող է մի քանի հոգի հավաքվում և զրուցում են, բայց դա դեռ չի նշանակում, որ դա շտաբ է»: 

 

Հարցին, որ «Հանրապետական» կուսակցության պատգամավորների անուններ են հնչում, իսկ որպես վեճ հրահրող կողմ՝ մատնանշվում է Մասիսի ոստիկանության  վարչության պետը, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, թե ինչ են նշում, բայց կրկնում եմ, որ ես իմ ղեկավարության տակ այստեղ ՀՀԿ շտաբ չունեմ, դա ընդամենը մի տեղ  է,  որտեղ հավաքվում և զրուցում են»: 

 

Հիշեցնենք, որ ոստիկանության լրատվականի բաժնից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ Մասիս քաղաքում երեկ տեղի է ունեցել վիճաբանություն, որի հանգամանքները պարզվում են:

 

Այն, որ ՀՀԿ Մասիսի տարածքում՝ ՀՀԿ-ի շտաբում, վիճաբանություն է տեղի ունեցել մեզ հետ զրույցում հաստատեց նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խորհուրդ տալով միջադեպի մանրամասների մասին հետաքրքրվել ոստիկանությունից: