Ինչպես հայտնի է, այն օրվանից, երբ Վանաձորի քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը, ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտում են նիստերը:

Փետրվարի 27-ին նշանակված է Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է հաստատվի Վանաձոր համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը, 2017 թվականի բյուջեն և այլն:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ նիստը կկայանա. «ՏԻՄ օրենքը փոխվել է, ինչը թույլ է տալիս ավագանու ընդհանուր թվի 1 քառորդով, այսինքն՝ 9 հոգով նիստ գումարել»:

Այս հարցի շուրջ զրուցեցինք նաև «Լուսավոր Հայաստան»-ի կողմից քաղաքապետի թեկնածության համար առաջադրված Քրիստ Մարուքյանի հետ: Վերջինս բացառեց Ասլանյանի պնդումը.

«Նման բան չկա, սա օրենքի կոպիտ խախտում է: Եթե 9 հոգով փորձեն նիստ անել, դա կլինի օրենքի հերթական խախտումը: Որևէ նման կարգավորում չկա: Օրենքը հստակ ասում է՝ ավագանու նիստը իրավազոր է, եթե ներկա են օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Որոշումներ կարող են ընդունվել ավագանու մեկ քառորդի կողմից, բայց այդ թվով նիստ գումարվել հնարավոր չէ»:

Հետաքրքրվեցինք՝ կարևոր հարցեր են դրված նիստում, ավագանու անգործությունը չի՞ կարող խառնաշփոթ առաջացնել համայնքի կառավարման գործում:

«Ո՛չ, խառնաշփոթ չի առաջանում, եթե նոր բյուջե չի հաստատվում, ապա տարվա ծախսերը կատարվում են նախորդի տրամաբանությամբ: Այսինքն՝ առկա բյուջեի միջոցներով կարող են ցույց տալ, որ ավելի արդյունավետ կառավարում են իրականացնում, ավելի լավ են ռեսուրսները տեղաբաշխում, ինչը 3 ամիս է՝ չենք տեսնում:

Մենք սպասում ենք, որ այն մեծամասնությունը, որով Ասլանյանը դարձել է քաղաքապետ, գա և նիստ գումարի: Մենք պետք է տեսնենք` կա՞ այդ մեծամասնությունը, թե՝ ոչ: Եթե չկա, ապա չպետք է լինի ՀՀԿ-ի կողմից ընտրված քաղաքապետ»:

Արաքս Առաքելյան