Այս գիշեր ադրբեջանական կողմը Մարտունիի և Ակնայի ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձեր: Միևնույն ժամանակ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր՝ ըստ պաշտոնական հայտարարության:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, խոսելով հակառակորդի ակտիվացման մասին, նշեց, որ վաղուց ժամանակն է հակառակորդին ճնշելու և մեր դիրքերն ամրացնելու համար, հակառակ դեպքում՝ ականատես կլինենք նոր Ապրիլյան պատերազմի. «Բնականաբար, Ադրբեջանը նորից պատերազմ է սկսելու, նրանք հարձակման համար հարմար պահի են սպասում, որը կարող է լինել հենց ապրիլին կայանալիք ընտրությունները: Արդբեջանը նորից պատերազմ կսկսի. սա նրա ռազմավարությունն է: Այս ամենին վերջ տալու համար հայկական կողմը պետք է պատասխան տա: Թեև Հայաստանը  միջազգային այն դիրքերում չէ, որ կարողա նախահարձակ լինել, բայց պետք է խոշոր չափով հրետակոծության ենթարկի ադրբեջանական բնակավայրերը՝ թշնամուն ցույց տալով,  որ մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալ»: 


Դիտարկմանը, որ հայկական կողմը ադրբեջանական հրետակոծություններին և հրադադարի ռեժիմի պահպանման խախտումներին պատասխան հարվածներ  է հասցնում՝ գերազանցապես մնալով պաշտպանվողի դերում, քաղաքագետը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները սարսափում և երկյուղում են պատերազմից, չեն ցանկանում այդ պատասխանատվությունը կրել, որովհետև իրենց քայքայած պետությունը շատ ծանր օրեր կարող է ապրել դրա հետևանքով: Մեր իշխանավորների համար պետական խնդիրները երրորդական տեղում են, քանի որ նրանք ապահովում են միայն իրենց ունեցվածքի և կարողությունների պահպանումը»: 


Ալեքսանդր Քանանյանն անընդունելի է համարում պետական այրերի այն պարզաբանումները, թե Հայաստանը չունի այնքան զենք և զինուժ, որ կարողանա պատերազմի բռնվել Ադրբեջանի հետ. «Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չունենք, դրա փոխարեն՝ ինչ ասես ունենք Երևանում և աշխարհի տարբեր ծայրերում՝ իրենց սեփականությունների տեսքով: Անգամ ներկայիս վիճակով՝ մենք ի վիճակի ենք ռազմական պարտության մատնել Ադրբեջանին, կամ զսպել նրան: Եթե այդ քայլերին չենք դիմում, դա խոսում է մեկ բանի մասին՝ պետությունը կառավարվում է ապաշնորհ իշխանության կողմից»: 


Քաղաքագետի համոզմամբ՝ միջազգային հանրության կողմից  Ադրբեջանի վրա իրական ճնշում երբեք չի եղել: Ըստ մեր զրուցակցի՝ թեև կա Մինսկի խմբի ձևաչափ, սակայն դա երբեք էլ լուրջ ազդեցություն չի ունեցել հակառակորդի վարած ռազմատենչ քաղաքականության վրա. «Որևէ բան ակնկալել միջազգային հանրությունից՝ հատկապես հայտարարությունների մակարդակով, պետք չէ: Պետք հասկանալ, որ պատերազմը սկսելու որոշում կայացնողը Ադրբեջանի ղեկավարությունն է և իրենք «քառօրյաների» թեժացումով  փորձելու են անակնկալներ մատուցել Սերժ Սարգսյանին այնքան ժամանակ, մինչև Հայաստանը հոգնի և անձնատուր լինի, ինչը երբեք էլ տեղի չի ունենա»:


Աղավնի Սուքիասյան