«Ադրբեջանական բոլոր կայքերը առայժմ տարածում են Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունը, որը, ըստ էության, չի հերքում հայկական կողմի տարածած տեղեկատվությունն այն մասով, որ ռազմական գործողություններ են տեղի ունեցել: Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են տեղեկատվություն՝ հաստատելով, որ ունեն նաև  զոհեր, թեպետ պնդում են, որ այդ կորուստներն ունեցել են հայկական կողմի հարձակման հետևանքով: Իշխանամետ ԶԼՄ-ները, սակայն, շրջանցում են այն հարցը, թե ինչպե՞ս են Ադրբեջանի բանակի զինվորների դիակները հայտնվել արցախա-ադրբեջանական չեզոք գետում»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com_ի հետ զրույցում ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

 

Ըստ մեր զրուցակցի՝ ադրբեջանական մեդիա դաշտում խուճապ չկա և հիմնականում ակտիվ տարածվում են պաշտոնական հաղորդագրություններն ու ՊՆ-ի կողմից հրապարակված տեղեկատվությունները: «Իրավիճակն այլ է սոցցանցերում: Ադրբեջանական սոցիալական կայքերում ակտիվորեն  տարածվում են ռուս-վրացական պատերազմի ժամանակ զոհված զինվորների դիակների նկարներ՝ դրանք ներկայացնելով որպես հայ զինվորների դիեր: Իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ ամառվա շրջանի նկարներ են հրապարակվում: Սոցցանցերի ակտիվ օգտատերերը նաև ակտիվորեն քննադատում են Ադրբեջանի իշխանություններին՝ նրանց մեղադրելով երկրում առկա դժգոհություններն ամեն անգամ ռազմական բախումներով ստվերելու քայլերը»: 

 

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

 

ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

 

Աղավնի Սուքիասյան