«Հանրակրթության մասին» օրենքում ուսուցչի օգնականի հաստիքի ներդրման պահանջ է դրված, որը համընդհանուր ներառման մի մաս է կազմում: Մինչև 2025 թվականը այն պետք է ներդրվի Հայաստանի բոլոր դպրոցներում: 


Փետրվարի 16-ին ՀՀ կառավարության կայացրած որոշմամբ՝ 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի դրույք: Ուսուցչի օգնականի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է մանկավարժների միջին աշխատավարձի 80 տոկոսի չափով: Որոշման մեջ ուսուցչի օգնականը բնութագրվում է՝ որպես «կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչին աջակցող մանկավարժական աշխատող»:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն ուսուցչի օգնականի հաստիքի անհրաժեշտության, համընդհանուր ներառական կրթության իրականացման գործում դրա կարևորության մասին խոսել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:


Փորձագետն ուսուցչի օգնականի հաստիքի ներմուծումը դրական է համարում, նույնիսկ գտնում է, որ այն ուշացած է, բայց շեշտում է՝ նման նորամուծություններ իրականացնելուց առաջ պետք է փորձ ուսումնասիրվի, հաշվարկներ արվեն:

 

«Որպես գաղափար՝ այո, ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը լավն է, բայց կրթության մեջ կարևոր է, թե ինչ որակով ես իրականացնում նորամուծությունը: Շատ բաներ բերում ենք, փորձում տեղայնացնել, բայց հետո տեսնում ենք, որ չի աշխատում, որովհետև ինչ-ինչ նրբություններ հաշվի չէինք առել: Հայաստանի կրթության ամենամեծ խնդիրը նորամուծությունների պատշաճ իրականացման մեջ է»:

 

Ըստ փորձագետի՝ ուսուցչի օգնականի հաստիքի ներմուծման, գործարկման դեպքում դրական արդյունքների կարելի է հասնել, եթե մասնագետները լինեն պրոֆեսիոնալ, այլ ոչ թե ծանոթ-բարեկամ սկզբունքով ընտրված: 

 

«Այս երևույթը պետք է վերացվի, որովհետև երեխաների հետ աշխատելն ամենաբարդ գործն է, ինչը պետք չէ վստահել պատահական մարդկանց, եթե անգամ նրանք դիպլոմ ունեն»:

 

Արաքս Առաքելյան