Արցախի ու Ադրբեջանի սահմանին լարվածությունը շարունակվում է։ Ինչպես առավոտյան հայտնել է Արցախի ՊՆ-ն, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում:

Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44 հրանոթներից և ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 113 արկ, որից 36-ը հրանոթներից, 77-ը՝ ականանետերից: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաև Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ):

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն ասաց, որ այս պահին իրավիճակը գյուղում հանգիստ է։ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ գյուղում գիշերը արկակոծության հետևանքով նոր ավերածություններ չի եղել։ «Ինչքան գիտեմ, այդ արկերը օդի մեջ պայթել են, ոչ թե ընկել նոր պայթել։ Մոտ 5-6 արկ օդի մեջ պայթել է։ Գյուղում նոր ավերածություններ չի եղել»,- ասաց Թալիշի գյուղապետը և ավելացրեց՝ Թալիշում շինարարական աշխատանքները շարունակվում են։ 

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:

Լուսանկարը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի։ Այն արվել է ապրիլյան պատերազմի օրերին։ 

Քրիստինա Աղալարյան