Քաղաքային զուգարանների հարցի քննարկումն անհրաժեշտ է կազմակերպել Երեւանի քաղաքապետարանում, որի ավագանիում ներկայացված է նաեւ ԲՀԿ-ն։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Ուրիխանյանի համար պարզ չէր, թե որ տրամաբանությամբ են կազմակերպվում լայնամասշտաբ քաղաքային զուգարաններ Երեւանի կենտրոնում՝ դիվանագիտական կորպուսների ու եկեղեցիների միջեւ ընկած տարածքներում: «Հարյուր քանի միլիոնով երկու զուգարան սարքելու իմաստը ո՞րն է, եթե այդպիսի լայնամասշտաբ կազմակերպում կա»,- հարցրեց Ուրիխանյանը:

«Հիմա այնպիսի նյուանսներ ու դետալներ եք բարձրացնում, որ մասնագիտական պատասխան են պահանջում ու համոզված եմ դահլիճում գտնվողներից ոչ ոք չի կարող այդ հարցի պատասխանը տալ»,- ասաց Արմեն Գեւորգյանը:

Մինչդեռ Տիգրան Ուրիխանյանի խոսքով' իրենք արդեն դիմել են քաղաքապետարանին, բայց որեւէ պատասխան չեն ստացել. «Հասկացա, պատասխան չկա»,- եզրափակեց Ուրիխանյանը: