Այսօր ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՎՊ նախագահի թեկնածու Լևոն Յոլյանին, նրանից հարցնելով վերջինիս տեսակետը՝ ՀՀ մի շարք բնագավառներում առկա խնդիրների մասին. «Դուք գոնե, մեր ղեկավարման համակարգում աշխատել եք մի քանի ոլորտներում: Էներգետիկայի բնագավառում մի քանի ամիս մնացիք և մենք չհասցրեցինք կոնֆլիկտի մեջ մտնել: Հիմա հարց եմ ուղղում Ձեզ՝ Դուք հասցրե՞լ եք հասկանալ, թե ինչ փչացածություն է տիրում այդ ոլորտում, ինչ կոռումպացված վիճակ է: Ուռճացված ապարատ, գազի գին, հոսանքի գին, սակագներ, որոնք անվերահսկելի են և անտրամաբանական»,-իր ելույթում շեշտեց պատգամավորը՝ հարց բարձրացնելով՝ արդյոք Լևոն Յոլյանը կկարողանա՞ քաղաքական կամք դրսևորել՝ այս ամենի առաջն առնելու համար:

Պատասխանելով պատգամավորի հնչեցրած հարցերին, Լևոն Յոլյանն ասաց. «Բավականին լուրջ ուսումնասիրություններ պետք է կատարվեն այս ոլորտներում, պետք է  գնահատել ռիսկերը: Դա անելուց հետո՝ Ձեզ կներկայացնենք արդյունքները: Վերահսկիչ պալատն իր խորհրդով կարող է վերահսկողություն իրականացնել և տալ նոր թեմաներ»:

ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք ՎՊ նախագահի պաշտոնում վերջինս կկարողանա՞ առաջ շարժվել առանց տաբուների և արդյո՞ք նրան թույլ կտան քայլեր կատարել, քանի որ կան պաշտոնյաներ, որոնց առաջ դրված էր սահման՝ ինչ որ բաներ չանելու համար.

«Տաբուներ երբեք իմ առջև չեն դրվել: Ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, մոտեցումներ ունեմ և աշխատել ու աշխատում եմ առանց տաբուների»: