«Պետական գործիչների երիտասարդական դպրոց» հասարակական կազմակերպությունն արդեն երեք տարի է՝ ակտիվ գործունեություն է ծավալում հասարակական, բարեգործական ոլորտներում և երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթության ապահովման ասպարեզում: 

 

Օրեր առաջ, շարունակելով ՊԳԵԴ-ում ավանդույթ դարձած հանդիպումների շարքը՝ տարբեր ոլորտի հաջողակ անհատների հետ, կազմակերպության երիտասարդներն առիթ ունեցան հանդիպելու «Ծառուկյան» դաշինքի կողմից թիվ 2 ընտրական տարածքում վարկանիշային կարգով առաջադրված Մելիք Սաֆարյանի հետ:
Նշենք, որ թիվ 2 ընտրական տարածքը ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները: 

Մելիք Սաֆարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է արձանագրել բավականին լուրջ հաջողություններ՝ թե՛ բիզնեսում, և թե՛ իր համայնքում, որտեղ նրան ճանաչում են որպես պատվախնդիր և երկրի համար սրտացավ մարդու:

Մինչ օրս ՊԳԵԴ-ի երիտասարդների հետ հանդիպած հյուրերից «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող թեկնածու Մելիք Սաֆարյանն այն բացառիկ անհատն էր, որ երիտասարդների հետ հանդիպմանը եկել էր իր զավակների հետ և երիտասարդների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերվում էին նրա անձնական-ընտանեկան հարցերին, երիտասարդների հանդեպ իր դիրքորոշմանը, կրթության և երիտասարդների արտագաղթի խնդիրներին, առանց երկմտելու և վարանելու բերում էր իր և իր զավակների օրինակը, թե որքան հեշտությամբ նրանք բազմաթիվ առիթներ ունեցել են և ունեն՝ վայելելու առավել քան հաճելի և հեշտ կյանք՝ արտերկրում, բայց իրենց հայրենիքին, հողին և մեր սահմաններին կանգնած տղաներին չդավաճանելու, ինչ-որ կերպ նրանց գործը շարունակելու համար՝ նրանք փորձում են թեկուզ դժվարությամբ, բայց շարունակել իրենց գործը Հայաստանում և իրենց ներդրումն ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման մեջ:

Իսկ, որ պարոն Սաֆարյանի խոսքը խիստ համահունչ էր իրականությանը, դրանում մեր երիտասարդները համոզվեցին ինչպես նրա որոշ բիզնես նախագծերի մասին տեղեկանալով, այնպես էլ կատարած բարեգործական միջոցառումների մասին իմանալով, որոնց մասին ինքը՝ Սաֆարյանը, նախընտրեց չբարձրաձայնել:

Երիտասարդների հետ բաց ու անկաշկանդ, մտերմիկ զրույցի ավարտին Մելիք Սաֆարյանը մեծ անակնկալ մատուցեց կազմակերպության երիտասարդներին. Նա խոստացավ առաջիկայում հովանավորել ՊԳԵԴ-ի երիտասարդների այնպիսի կրթական ու հասարակական ծրագրեր, որոնց պահանջը իսկապես կա մեր հասարակության և երիտասարդների մոտ: Նա առաջարկեց երիտասարդներին՝ կարճ ժամանակահատվածում իրեն ներկայացնել մի քանի այդպիսի ծրագիր, որոնք, ըստ իրենց առաջնահերթության, կսկսեն իրականություն դառնալ՝ երիտասարդների միջոցով, երիտասարդների համար՝ Սաֆարյան ընտանիքի աջակցությամբ:

 

Պետական գործիչների երիտասարդական դպրոցը մեկ անգամ ևս արձանագրում է, որ պետական մտածողությամբ մարդկանց միայն պետական պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների միջավայրում չէ, որ պետք է փնտրել: Իրական հերոսները շատ սովորական ընտանիքներից են, պետության հենասյուները պատվախնդիր գերդաստաններից են: Մենք հպարտ ենք, որ հենց այդպիսի մարդիկ են սատար կանգնում ՊԳԵԴ-ին և մեր երիտասարդությանը: