Պետական մարմինները, հասարակական կառույցները ցանկություն ունեն գտնել միջոցներ մարզային հեռուստաընկերությունների շարունակականությունն ապահովելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

«Մարզային հեռուստաընկերությունները շարունակում են անալոգային հեռարձակում ապահովել, պետությունն այդ հնարավորությունը տալիս է: Դրանից բացի, կա այլընտրանք, մասնավորապես, կաբելային հեռուստատեսության փաթեթում ներառվելը, ինտերնետային հնարավորություններն օգտագործելը»,-ասաց Գրիգոր Ամալյանը: Նրա տեղեկացմամբ, երբ շուկա մտնի մասնավոր մուլտիպլեքսերը, ապա մարզային հեռուստաընկերությունների հարցերը կարգավորվելու հնարավորություն կստեղծվի:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց, որ մասնավոր մուլտիպլեքսեր ունենալու համար հաջորդ մրցույթը հայտարարվելու է մայիսին: Այդ մրցույթը հայտարարվել էր դեռ 2016 թվականի երկրորդ կեսին, սակայն հետաքրքրվողներ չեղան: Ի՞նչն է պատճառը, արդյո՞ք մրցույթի պայմաններն են բարդ:

«Մրցույթի պայմանները բարդ չեն, սովորական պայմաններ են ներառված: Խելքին մոտ ներդրումներ են պահանջվում, մեծ իրավունքներ են տրված, որ մուլտիպլեքսերն իր գործունեությունը ծավալի: Հարցն այն է, որ նույնիսկ եթե հիմա մասնավոր մուլտիպլեքսեր լինի, միևնույն է մի քանի տարի հետո հեռուստաընկերություններն այլ ուղիներ պետք է փնտրեն, որովհետև շուկան փոքրանում է, գովազդները կրճատվում են: Եթերային հեռարձակումը դառնում է ոչ շահավետ: Հեռուստաընկերությունները պետք է հասկանան, որ եթերայինը միակ միջոցը չէ արտադրանքը տեղ հասցնելու համար»,-ասաց Տիգրան Հակոբյանը: Նրա խոսքով, չի բացառվում, որ ժամանակը գա ու նույնիսկ ներկա հեռուստաընկերությունները մուլտիպլեքսերից հրաժարվեն:

Հայաստանում 2016թ. հոկտեմբերի 20-ին մեկնարկել է անալոգային հեռարձակման ցանցի անջատման ծրագիրը: Կատարված աշխատանքների արդյունքում Հայաստանի ամբողջ տարածքով տեխնիկապես 100 տոկոսով ապահովվում է թվային ազդանշան: