ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը երեկ ջանք ու եռանդ չխնայեց՝ իրեն հատկացված եթերաժամանակն օգտագործելու սեփական անբասիր կենսակերպն ու վարքաքիծը ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնելու համար:

 

«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում  Միհրան Պողոսյանն, անդրադառնալով իր անվան շուրջ բարձրացած սկանդալին, նշեց. «Ութ ամիսների ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ կարծիքներ՝ կապված օվշորի հետ: ՀՔԾ-ն այս ամիսների ընթացքում բազմաթիվ հարցումներ կատարեց, դրանցից առաջ իմ գրասենյակն էր նաև հարցում ուղղել համապատասխան բանկին և ստացել պատասխաններ, որոնք փաստում էին, որ նման հաշիվներ չկան: Արդեն պոստ ֆակտում հասկանալի էր դառնում, որ սա համապատասխան քաղաքական ուժերի կողմից քաղաքական շոու էր: Չկան բանկային հաշիվներ, չկան դրամական շարժեր և ակնկալվում է, որ չկա ձեռնարկատիրական գործունեություն»:

 

Ողջ եթերաժամանակի ընթացքում Միհան Պողոսյանը մի քանի անգամ շեշտեց, որ սա իր դեմ ծրագրված շոու էր, որն, ինչպես ինքն է ասում,  ավարտվեց անարդյունք. «Սա հատուկ էր արված ապրիլյան պատերազմից հետո. կային որոշակի ուժեր, որոնց պետք էր, որ Միհրան Պողոսյանն ունենա խնդիրներ: Սա շոու է, որը տեսանք, թե ինչպես ավարտվեց»:

 

Թե ովքեր են իր դեմ շոու կազմակերպած ուժերը, հարցին՝ Պողոսյանը պատասխանեց. «Իմ կարծքիը չեմ ցանկանում հանրությանը ներկայացնել, բայց  ևս մեկ անգամ վստահեցնում եմ, որ Միհրան Պողոսյանը օվշորի ամենամեծ գիտակը չէ»:

 

Միհրան Պողոսյանը հանգամանալից ներկայացնում է այն հարցաքննությունները, որոնց ինքը մասնակցել է և որոնց մասնակցել են նաև կազմակերպությունների ղեկավարներ և  նրանց աշխատակազմեր, որից 9 ամիս անց արդեն պարզ է դառնում, որ ինչ-որ ուժերի էր պետք, որ հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն ունենա խնդիրներ: 

Նախկին ԴԱՀԿ ծառայության պետն անդրադարձավ նաև իր կողմից ստեղծված «Քեթրին» ընկերությանը և, մասնավորապես, բանանի ներկրման մասին տարածված լուրերին, ասաց, որ անձամբ՝ բանանի ներկրման հետ որևէ կապ չունի, 2007-ից կապ չունի նաև «Քեթրին» ընկերության հետ և հավելեց, որ այս ընկերության հետ կապ ունեն իր ազգականները, որոնց անունները, սակայն, չտվեց: 

 

Հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր, համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝

«Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated)

«Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated)

«Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները:  Մասնագիտությամբ՝ տնտեսագետ Միհրան Պողոսյանը տիրապետում է օֆշորային գաղտնիքներին: Նա հանդես է եկել որպես Bearer Share-ի սեփականատեր: Այսինքն՝ ընկերության իրական բաժնետերը ընկերությունների պետական ռեգիստրում չի գրանցվում, նրա լիազորը գրանցող կազմակերպությունն է, որն էլ բաժնետիրոջը տրամադրում է բաժնեմասի տիրապետման սերտիֆիկատ: Ստացվում է, որ միայն այդ սերտիֆիկատը տնօրինողն է տիրապետում այդ ինֆորմացիային՝ գրանցող ընկերությունից բացի: Սա ընդունված մեթոդ է, որից օգտվում են գաղտնի մնալու ձգտում ունեցող անձինք: Միհրան Պողոսյանն առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել է 2011թ. մարտին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: Իսկ «Բանջիո ինվեստ»-ի հետ առնչություն ունեցել է դեռևս 2005-ից:

 

Նշենք, որ փաստաթղթերում գաղտնազերծված անձը ՀՀ քաղաքացի ոմն Միհրան Պողոսյան չէ, այլ հենց ԴԱՀԿԾ պետն է, ում գրանցման հասցեն և անձնագրային տվյալներն ուղարկվել են գրանցող/միջնորդ ընկերության կողմից վերոնշյալ ընկերությունների գրանցման, բաժնեմասի տնօրինման, բանկային հաշիվների բացման համար: