Հայաստանում կրթության ոլորտի հիմնախնդիրների մասին բավականին հաճախ է խոսվում, բայց վերջին շրջանում մամուլի ուշադրության կենտրոնից չի վրիպում հատկապես Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կամ, ավելի հակիրճ ասած, Մանկավարժականի ներքին կյանքին վերաբերող խնդիրների վերհանումը:

Հոդվածները, որոնք լրագրողները շռայլում են այս հաստատության հասցեին, որպես կանոն, բացասական բովանդակության են ու իրենց մեջ պարունակում են այնպիսի երանգներ, որոնք հստակորեն վկայում են՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը համալսարանը վերածել է սեփական «դուքանի»:

Հարկ է նկատել, որ Միրզախանյանի ուղին, որի թագն ու պսակը պետք է նրա ներկա պաշտոնը համարել, այնքան էլ հարթերից չի եղել. քաղաքականությունից՝ կրթական համակարգ, ռեկտորի պաշտոն ընկած ճանապարհն այնքան լի է եղել ոչ միանշանակ գնահատականների արժանացած ռեվերանսներով, որ ակամա ապշում ես, թե մարդ արարածը հանուն փողի ու պաշտոնի ինչերի կարող է պատրաստ լինել, մինչև ուր կարող է հասնել նրա երևակայությունը:

Երբ փորձում ես քննել այս մարդու անցած ճանապարհը, հասկանալու համար, թե ում է տարիներ շարունակ վստահված սերունդներ կրթելու սուրբ գործն, ակամա հանգում ես անխուսափելի եզրահանգման՝ շատ սխալ մարդու, քանի որ այս անհատը իր անցած ճանապարհով ոչ մի կերպ չի կարող էտալոնային կերպար համարվել բացարձակապես ոչ մի ուսանողի համար. անվերջ քծնանք՝ հին ու նոր տերերին, կաշառք, կամայականություններ, անպտուղ քաղաքական գործունեություն, աշխարհն ու մարդկանց սեփական շահերին ծառայեցնելու անդադար փորձեր:

Բայց այն, ինչ կատարվում է վերջին շրջանում հատկապես Մանկավարժականի «ներքին խոհանոցում», այլ կերպ, քան իսկական խայտառակություն, ոչ մի կերպ չես համարի: Մի խոսքով՝ համալսարանը շեղվել է իր բուն գործառույթներից՝ վերածվելով իսկական պատուհասի թե՛ ուսանողության, թե՛ աշխատակիցների գլխին:

Ի դեպ՝ ԼՈւՐԵՐ.cօm-ն իր հոդվածներից մեկով անդադարձել էր մամուլում լայն արձագանք ստացած նախընտրական քարոզչության տարրեր պարունակող այն դեպքերին, որոնք տեղ էին գտել այս կրթօջախում՝ մտահոգություն հայտնելով այդ ամենի առիթով, ինչն, ըստ էության, դուր չէր եկել նույն Ռուբեն Միրզախանյանին: Հավանաբար նրա հրահանգով էլ վերջինիս մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանն, ակնհայտորեն հոգեկան տվայտանքների գիրկն ընկած, զանգահարել էր կայքի խմբագրություն ու սեփական մասնագիտությանն անհարիր տոնով ու փողոցային բառապաշարով իր վրդովմունքն էր հայտնել հրապարակման հետ կապված: Թե հրապարակման հատկապես որ մասն էր գրգռել Մարկոսյանին, ցավոք, մեզ այդպես էլ մինչև վերջ չհաջողվեց պարզել. կարելի է՝ ենթադրել, որ հոդվածում տեղ գտած դիպուկ նկատառումներն էին նրա խորը տվայտանքների պատճառը հանդիսացել:

Ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Այս ասույթի բովանդակությունն, ինչ խոսք, դժվար է վիճարկել. ասույթն այս իսկ և իսկ պատկերում է Միրզախանյան-Մարկոսյան հարաբերություններն ու չազազանց դիպուկ կերպով ներկայացնում իրավիճակը: Ավելին պետք էլ չէր ակնկալել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ