Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը (96 տոկոսը) վստահում է զինծառայողներին, իսկ զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ վստահություն ունի ԱՄՆ-ի բնակչության միայն 44 տոկոսը: Այդ մասին վկայում են փետրվարի 27-ին հրապարակված այն հարցման արդյունքները, որը Fox News հեռուստաընկերության պատվերով 1013 մասնակիցների շրջանում անցկացվել է փետրվարի 11-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակաշրջանում:

 

Ամերիկացիները նաեւ վստահում են Գերագույն դատարանին (83 տոկոս), Հետաքննությունների համերկրային բյուրոյին (80 տոկոս), Ներքին եկամուտների ծառայությանը (55 տոկոս):

 

ԱՄՆ-ի նախագահի եւ Կոնգրեսի նկատմամբ վստահության մակարդակը նույնն է՝ 53 տոկոս:

 

Հարցման մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելին՝ 51 տոկոսը, վստահում է խոշոր կորպորացիաներին, ընդ որում՝ նրանց միայն 9 տոկոսը վերջիններիս նկատմամբ բարձր աստիճանի վստահություն ունի:

 

Վերջին տեղում հայտնվել են զանգվածային լրատվամիջոցները. նրանց վստահում է հարցման մասնակիցների ընդամենը 44 տոկոսը, ընդ որում՝ միայն 15 տոկոսն է նրանց անվերապահորեն հավատում, մոտավորապես յուրաքանչյուր երրորդը որոշ վստահություն ունի ԶԼՄ-ների նկատմամբ, 19 տոկոսը նրանց այնքան էլ շատ չի վստահում, իսկ 36 տոկոսը բնավ չի վստահում:

 

Ինչպես նշել են հարցման կազմակերպիչները, ԶԼՄ-ների եւ նախագահի նկատմամբ ամերիկացիների անվստահության մակարդակն այժմ նույնն է՝ 46 տոկոս, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է: Հարցումների անցկացման ողջ պատմության ընթացքում նախագահական ինստիտուտի նկատմամբ վստահության ամենաբարձր մակարդակը՝ 86 տոկոս, գրանցվել է 2002 թվականի ապրիլին, երբ Սպիտակ տան տերը ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: