«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքը վաղվանից ամողջությամբ ուժի մեջ կմտնի:

Օրենքի առավելությունների և թերությունների մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

«Սա շատ ողջունելի քայլ է: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանները՝ ես, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը միշտ պայքարել ենք ՄԻՊ լիազորությունների, հնարավորությունների ընդլայնման համար»:

Նոր օրենքում միայն մեկ բան կա, որի նկատմամբ Ալավերդյանը փոքր-ինչ վերապահում ունի. «Ես կուզենայի, որպեսզի ոչ միայն օմբուդսմենի ինստիտուտը, այլ նաև հասարակական կազմակերպությունները լինեին խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի բաղկացուցիչ: Իհարկե, օմբուդսմենն ունի ՀԿ-ներից բաղկացած հասարակական խորհուրդ, բայց կարծում եմ, որ օրենքը կզարդարվեր, եթե ՀԿ-ների և օմբուդսմենի միջև կապը օրենսդրական նորմով ցույց տրվեր»:

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նոր օրենքով ՄԻՊ ինստիտուտի անկախության համար երաշխիքներ են ստեղծվում, ինչին ի պատասխան՝ Ալավերդյանն ասաց. «Սա անկախության երաշխիքների ավելացում է: Եթե խոսվում է ԱԺ-ում, Սահմանադրական դատարանում ներկայացուցիչ ունենալու, անձեռնմխելիության մասին, ապա բարձրանում է ՄԻՊ ինստիտուտի, դրա լիազորությունների նկատմամբ պատասխանատվությունը»:

Հարցին՝ արդյո՞ք իրավակիրառ պրակտիկայում այս փոփոխությունները կաշխատեն, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ավելի լավ է օրենսդրորեն ամրագրել այդ նորմերը, քան՝ ընդհանրապես չունենալ: Հետագայում կտեսնենք, թե ինչպես դրանք կկիրառվեն»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը հավելեց. «Հասարակությունն ու իշխանությունը պատեհ֊անպատեհ քննադատում են Պաշտպանի ինստիտուտը: Շատերն ի սկզբանե դեմ էին դրա գոյությանը՝ պատճառ բերելով անկախ դատական համակարգի բացակայությունը։ Հենց այս պատճառով էլ պետք է լինի ՄԻՊ-ը: Մենք ուզում ենք, որ օմբուդսմենը գա պատրաստ վիճակում աշխատի, ինչպես զարգացած երկրներում, սակայն մեզ բաժին է ընկել հենց այս ճանապարհը: Անհաջողություններ ունենալով, տապալվելով, քննադատության ենթարկվելով, բայց ՄԻՊ ինստիտուտը պետք է գործի, հատկապես, եթե չկա անկախ դատական համակարգ»,- նշեց Ալավերդյանը՝ շեշտելով, որ ՄԻՊ-ը պետք է լինի հետևողական, գրագետ և քաղաքացիական խիզախությամբ օժտված:

Արաքս Առաքելյան