Շմավոն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ազգական, 16 տարին չլրացած Աղավնի Հ.-ի տան հարակից այգում սեռական հարաբերություն է ունեցել նրա համաձայնությամբ:

Առաջին դեպքից 4-5 օր անց, Շմավոնը զանգահարել է Աղավնուն, խնդրել է իջնել տանից քիչ հեռու գտնվող այգի, որտեղ կրկին ունեցել են սեռական հարաբերություն: Այնուհետև, ղրանից 10 օր անց Շմավոնը կրկին զանգահարել է Աղավնուն, խնդրել է իջնել տանից քիչ հեռու գտնվող ճանապարհի մոտ և իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ անչափահաս Աղավնու կամքով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Շմավոնն իրեն մեղավոր չի ճանաչել, բայց ընդունել է, որ զանգահարել և շփվել է Աղավնու հետ, սակայն նրա հետ սեռական հարաբերություններ չի ունեցել: 10-12 անգամ հանդիպել է Ա. Համբարձումյանի հետ, իսկ առանձին հանդիպել է 7-8 անգամ, որի ընթացքում ճանապարհին մարդիկ են եղել, իսկ ուշ ժամերին իրենք չեն հանդիպել: Շմավոնն Աղավնու հետ սկսել է շփվել ամուսնության նպատակով:

Շմավոնն Աղավնու հետ վերջին անգամ խոսել է, երբ զանգահարել է բանակի խնջույքի օրը՝ հրաժեշտ տալու համար: Հետաքրքրվել է Աղավնու վարքագծով և ընկերներն ասել են, որ պետք չէ լուրջ հարաբերություններ ունենալ նրա հետ:

Աղավնու օրինական ներկայացուցիչը՝ մայրը, դատարանին հայտնել է, որ գյուղում խոսակցություններ են պտտվել, թե Աղավնին կապի մեջ է գտնվում Շմավոնի հետ, նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել և նրանից երեխայի է սպասում: Իմանալով այդ մասին, զրուցել է դստեր հետ, Աղավնին հայտնել է, որ Շմավոնի հետ երեք անգամ սեռական հարաբերություն է ունեցել: Թեստի միջոցով պարզել են, որ դուստրը հղի չէ:

Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ Աղավնու կուսաթաղանքի ամբողջականությունը հին խախտված է, չի բացառվում, որ դրա խախտումը եղած լինի տուժողի հայտարարած ժամանակին:

Շմավոնի և Աղավնու մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների ուսումնասիրությամբ հիմնավորվել է Շմավոնի կողմից տուժողի հետ հեռախոսազրույցներ ունենալու, նրան զանգահարելու, տանը մոտենալու և հանդիպելու հանգամանքները:

Դատարանի որոշմամբ՝ Շմավոնը ազատազրկվել է 5 ամիս ժամկետով: