«Քաղաքացիների վրա տոտալ հարձակում է իրականացվում՝ բակերով, շենքերով, զանգերով: «Ձայնաորսությամբ» են զբաղված: Սրա բացատրությունը հետևյալն է, որ ընտրատեղամասերում կեղծիքի հնարավորությունը նվազել է: Պատճառներից մեկն էլ այն է, որ պատգամավորների թիվը  կրճատվել է՝ 131-ը դառնում է 100, իսկ դրանով կոնկուրսը մեծանում է և, հետևաբար, առաջարկվող կաշառքի շեմն է բարձրանում»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Վերջինիս համար մտահոգիչ է ԱՄՆ դեսպան Ռ. Միլսի  հարզացրույցը, որտեղ դեսպանն իր մտահոգությունն է արտահայտել ՀՀ-ում ընտրակաշառքների տարածման լուրերի հետ կապված: 

«Ես կարդացի ԱՄՆ-ի դեսպանի հարցազրույցը: Նա շատ հստակ մեսիջ է ուղարկում: Նա ասում է քաղաքական կուսակցություններին՝ զգո՛ւյշ եղեք կաշառք բաժանելուց: Սա, բնականաբար, իշխանականներին է վերաբերվում: Մեսիջից բացի՝ դեսպանը նաև ակնարկ է անում իրենց հետագա քայլերի մասին: Իշխանությունները պետք է զգուշանան. իրենց գլխին ամպեր են կուտակվում»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ինքն անձամբ է տեսել, թե այս օրերին ինչպես են բակերում երևում թաղի տղերքը և փող բաժանող բրիգադիրները:

Ըստ Արամ Մանուկյանի՝ եթե քաղաքացիները կարողանան կաշառք վերցնելուց հրաժարվել կամ գոնե՝ վերցնելուց հետո այլ մարդու ընտրել,  իրավիճակն այլ կարող է լինել:

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև «Հանապետական» կուսակցության անդամների միջև վերջին ծեծկռտուքներին՝ շեշտելով որ բնական է, որ բանը հասել է ծեծկռտուքի է, քանի որ ՀՀԿ-ում գործի համար փող են դրել. «ՀՀԿ-ում փող են դրել գործի մեջ և, հետևաբար, արդյունք պետք է ստանան: Նրանք ժողովրդի ձայնն առնում են, ու եթե քաղաքացին կարողանա այդ արգելքը հաղթահարել, լավ կլինի»: