Այսօր մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ կրկին բարձրացել է շաքարավազի գինը: Լուրի իսկությունը ճշտելու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանի հետ:

Վերջինս տեղեկացրեց, որ շաքարավազի գնաճի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Տնտեսական ապրանքների շուկայում չի նկատվում ապրանքների գների բարձրացում, ինչի մասին վկայում են երկուշաբթի օրը կատարված մոնիտորինգի արդյունքները:

«Շաքարավազի գինը փոփոխության չի ենթարկվել: 1 կգ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 390 դրամով: Բայց քանի որ վերջին մեկ ամսում 7-8 տոկոսով գնի բարձրացում էինք նկատել, այդ իսկ պատճառով ուսումնասիրություններ են իրականացվում և արդյունքները կհրապարակենք, թե ինչն է եղել դրա պատճառը: Հունվարից հետո շաքարավազի գնաճ չի եղել, խոսքը վերաբերում է 1 կգ շաքարավազին, միգուցե կան փաթեթավորված շաքարավազներ, համենայնդեպս, հանձնաժողովը դիտարկում է կգ-ով, ոչ թե փաթեթավորված կամ շագանակագույն շաքարավազը և այլն, որոնց գները հանձնաժողովը չի դիտարկում»,- ասաց Գայանե Սահակյանը:

ՏՄՊՊՀ-ի խոսնակի խոսքով՝ հունվարից հետո հանձնաժողովը մոնիտորինգի արդյունքներով գերիշխող ապրանքային շուկաներում գնաճ չի արձանագրել. «Որոշակի տատանումներ կան ձեթի շուկայում, սակայն նվազման ուղղությամբ՝ 5-10 դրամով»