Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, արդյոք ԸՕ տարածքային ընտրակարգը հետագայում չի՞ փոփոխվի, քանի որ այն դարձել է քաղաքական կուսակցությունների և հասարակության բևեռացման պատճառ, նշեց. «Իհա՛րկե, ԸՕ համամասնական և տարածքային ընտրակարգերը կարող են առաջացնել նաև դեմ և կողմ կարծիքներ: Դա բազմակարծություն է, որը  նորմալ է: Ո՞վ է ասում, որ դրանով ժողովրդին իրար դեմ են հանում: Եթե կարծում եք, որ ընտրությունները հաշտ ու համերաշխ կյանք են, ապա պետք է ասեմ, որ դա այդպես չէ»: 

Դավիթ Հարությունյանը նորից պնդեց, որ ընտրությունների կազմակերպման այս ձևաչափն ընդունված նորմ է ամբողջ աշխարհում՝ միևնույն ժամանակ՝ հայտնելով, որ աշխարհում ոչ մի բան բացառված չէ և կարող է ընտրության այս ձևաչափը  հետագայում վերանայվել: 

Դավիթ Հարությունյանը համոզված է, որ ռեյտինգային ընտրակարգը լավագույն տարբերակն է կուսակցությունների համար.«Տարածքային ընտրակարգը ստեղծված է նրա համար, որ բոլորը կարողանան առանձին-առանձին ձայներ բերել կուսակցությանը»:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև իր՝ ՀՀԿ ընտրացուցակում չընդգրկվելու հանգամանքին՝ շեշտելով, որ չի ցանկանում այլևս աշխատել Ազգային Ժողովում. «Իմ աշխատանքն Ազգային Ժողովում նպատակահարմար չեմ համարում»:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք՝ նա վերադառնա իր նախկին աշխատանքին՝ ստանձնելով Արդարադատության նախարարի պաշտոնը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Արդարադատության նախարարություն վերադառնալու որևէ ցանկություն չունեմ»: