Արդեն 3-րդ օրն է, ինչ մի խումբ քաղաքացիներ շարունակում են նստացույց անել Ազատության հրապարակում՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը «Հաց բերող»-ի՝ Արթուր Սարգսյանի կալանավորման հետ կապված:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հանդիպել է նստացույցի մի խումբ մասնակիցների հետ: Մեր զրույցի ժամանակ Շահեն Հարությունյանը և մի խումբ այլ մասնակիցներ ամբողջ գիշեր հրապարակում մնալուց հետո գնացել էին հանգստանալու, որովհետև նստացույցն իրականացնում են հերթափոխով:

Նստացույցի մասնակիցների մեծ մասը երիտասարդ աղջիկներ էին: Վերջիններս պատմեցին, որ գիշերը հանգիստ է անցել, ոստիկանների հետ ոչ մի խնդիր չի եղել: 

Նստացույցի մասնակիցներից Էլենը պատմեց, որ ոստիկաններն իրենց ընկերներին հետևում են, օրինակ` Գոռ Հարությունյանին, ով անչափահաս է, ոստիկանները դպրոցից տարել են բաժին: «Ընկերուհուս, ով գիշերը մնացողներից է, հետևում են. տան, համալսարանի մոտ են գնում, մեկն էլ մի անգամ մոտեցել է և հարցրել՝ երեկ գիշերն ո՞ւր ես եղել»:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ծնողները տեղյակ են, որ իրենց աղջիկները նստացույցի են մասնակցում, ինչին ի պատասխան՝ ասացին. «Լավ են վերաբերվում, ասում են՝ մենք 1988 թ-ին ենք գնացել, հիմա էլ դու գնա»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ազատություն «Հաց բերող»-ին» նախաձեռնության անդամներն այսօր հանրահավաք-երթ չեն անելու, քանի որ չեն ուզում խանգարել ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի համատեղ հանրահավաք-երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին: