Անկասկած, ցանկացած քաղաքական ընտրություն նախևառաջ փորձություն է ինչպես պետության ու հասարակության համար, այնպես էլ՝ ամեն մի անհատի. սա, եթե կուզեք, յուրատեսակ ստուգատես է՝ սահմանված ոչ միայն քաղաքական ուժերի համար, այլև՝ անհատ քաղաքացիների՝ պարզելու ոչ միայն առաջինների ունեցած իրական ներուժն, այլև քննելու վերջինների սթափ մտածելու կարողությունը:

2017 թ-ի ընտրություններն այս իմաստով պետք է բացառիկ համարել. քաղաքական ուժերի աներևակայելի բազմազանություն, գայթակղիչ խոստումների տարափ, թղթի վրա գրված խոստումնալից ծրագրերի բազմաքանակություն: Պետք է նկատել, որ նման իրավիճակում ոչ միշտ է հնարավոր լինում ճիշտ որոշումներ կայացնել ու կողմորոշվել, քանի որ այս ամենի հորձանուտում քաղաքացին, ընկնելով սեփական երևակայությունների գիրկը, ունենում է գայթակղություն՝ տրվելու պայծառ ապագայի մասին սրա-նրա խոստումներին ու հաճախ կատարում ընտրություն, որի ձեռքը հետո բառացիորեն կրակն է ընկնում:

Միակ չափորոշիչը, սակայն, որով առաջնորդվելով՝ մարդը կարող է ճիշտ որոշում կայացնել, ճիշտ կողմնորոշվել, կան ու մնում են քաղաքական ուժերի, ավելի ճիշտ՝ դրանց առաջնորդների գործերն, այն հետագիծը, որ թողել են նրանք իրենց գործունեության մեջ. կարևորը՝ ոչ թե օդում տրված խոստումներն են կամ բարձր ամբիոններից ի լուր աշխարհի հնչած բաժակաճառեր հիշեցնող հռետորաբանություններն, այլ՝ պրակտիկան, այն, թե ովքեր են խոստումներ տվողներն ու որքանով են երաշխավորում դրանց իրականացումը:

Այս առումով պետք է նկատենք, որ «Ծառուկյան» դաշինքը պարզապես դուրս է մրցակցությունից. այս քաղաքական ուժը, թերևս, այն միակն է հայաստանյան իրականության պայմաններում, որը կարող է միանգամայն փաստարկված կերպով երաշխավորել սեփական ծրագրերի ոչ միայն մրցունակությունն, այլև, որ չափազանց կարևոր է, կենսունակությունն իրական կյանքում: Ինչպե՞ս: Շատ պարզ՝ շնորհիվ իր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի թողած հետագծի, իսկ ավելի ճիշտ նրա բացառիկ կարողության՝ սեփական խոսքն ու խոստումը վերածելու գործի: Իսկ սրանում համոզվելու համար ընդամենը անհրաժեշտ է ուսումնասիրել Ծառուկյանի գործունեությունն ու համոզվել, որ նա երբեք սեփական խոսքերը քամուն չի տալիս, որ կարողանում է անհնարինը հնարավոր դարձնել. միայն հայկական սպորտի վերջին տարիների ձեռքբերումները բավարար են՝ դրանում անդառնալիորեն համոզվելու համար: Սպորտը, պետք չէ մոռանալ, զարգանում է, վերելք է ապրում մի պարագայում, երբ երկրում մնացյալ բոլոր ոլորտներն անկում են ապրում, ու չկա գեթ մի բնագավառ, բացի, թերևս, սպորտից, որ վերջին տարիներին առաջընթաց գրանցած լինի: Ասել կուզի՝ հայկական սպորտը զարգացել է ու շարունակում է իր վերելքը նույնիսկ հակառակ ֆիզիկայի օրենքների, հակառակ ռացիոնալիզմի բոլոր կանոնների, ինչը չարձանագրել ուղղակի անհնար է:

Առաջիկա ընտրությունները Հայաստանի համար, արդարև, պատմական են լինելու, ու շատ կարևոր է լինելու այն հարցը, թե մեր երկրի համար պատասխանատու այս շրջանում որ քաղաքական ուժին է վստահվելու Հայաստանի ղեկը: Իսկ սա նշանակում է, որ ընտրություն կատարելիս, սեփական ձայնն այս կամ այն քաղաքական ուժին կամ թեկնածուին տալիս շարքային ընտրողը պարտավոր է լինելու առաջնորդվել բացառապես սթափ մտածողությամբ ու բանականությամբ՝ ռեալ գնահատելով յուրաքանչյուր ուժի ունեցած ներուժն ու ընդունակությունը՝ լուծելու երկրի առջև ծառացած պրոբլեմները. համաձայնե՛ք՝ ոչինչ այս պարագայում այնքան կարևոր չէ, որքան ռեալ պրակտիկան ու իրական գործը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ