ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայում ուսումնասիրում է Փենյանի նկատմամբ հնարավոր քայլերը եւ չի բացառում ԿԺԴՀ-ի դեմ ռազմական ուժի կիրառումը: Այդ մասին մարտի 1-ին գրել է WSJ թերթը:

Նրա տվյալներով՝ ԿԺԴՀ-ի նկատմամբ Սպիտակ տան ռազմավարության քննարկման ընթացքում դիտարկվում է այդ թվում «ռազմական ուժի կիրառման, ինչպես նաեւ այս երկրում ռեժիմի փոխարինման» հնարավորությունը:

Այդ կապակցությամբ թերթը հիշեցնում է, որ Թրամփն ավելի վաղ խոստացել էր Փենյանին խանգարել՝ ավարտելու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) ստեղծումը, որը կարող է հասնել ԱՄՆ-ի ափեր: Ինչպես հայտարարում են ԿԺԴՀ-ում, այդ հրթիռի մշակումն արդեն վերջին փուլում է:

Փետրվարի 28-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի՝ անունը չնշած ներկայացուցչին, հայտնել էր, որ, Թրամփի կարծիքով, հենց Փենյանն է «առավել մեծ անմիջական սպառնալիքը» Վաշինգտոնի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: