Հայաստանում նախընտրական շրջանները մշտապես աչքի են ընկել մեկ յուրատեսակ առանձնահատկությամբ. որպես կանոն հենց այս շրջանում է, որ շուկայում տեղի են ունենում թանկացումներ, որոնք ոչ մի տրամաբանական պատճառաբանությամբ չես կարող հիմնավորել: Այս երևույթը մեզանում մի տեսակ ազգային ավանդույթի պես մի բան է դարձել, որի հեղինակների դերում հանդես են գալիս հայրենի օլիգարխները:

Պարզվում է՝ Հայաստանի քաղցրեղենի շուկայում շատերի համար անակնկալ թանկացումներ են եղել: Նախ՝ թանկացել է շաքարավազն, այնուհետև «Սնիկերս», «Մարս», «Թվիքս» շոկոլադե սալիկների մեծածախ գները: Արդյունքում, ինչպես կարելի է համոզվել՝ շրջելով խանութներով, շաքարավազը թանկացել է 10-20 դրամով, իսկ ասենք «Սնիկերսի» մեկ կիլոգրամը կարելի է գնել 3850 դրամով՝ նախկին 3500 դրամի փոխարեն:

Թե հատկապես ինչով է բացատրվում նման անակնկալ թանկացումներն, անկասկած, դժվար չէ կռահել՝ մանավանդ, երբ նկատի ես ունենում այն վճռորոշ հանգամանքը, թե ովքեր են սույն ապրանքատեսակների բիզնեսով զբաղվողները. շաքարավազը Սամվել Ալեքսանյանինն է, «Սնիկերսն» էլ՝ Արկադի Համբարձումյանինը: Իսկ թե ովքեր են նրանք կամ ինչ քաղաքական պլաններ են մշակել առաջիկայի համար, հայտնի է երևի թե բոլորին. երկուսն էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ են, ինչը կարող է նշանակել գեթ մեկ բան՝ առաջիկայում շատ, չափազանց շատ փող է պետք գալու:

Հետաքրքրականն այն է, սակայն, որ դիցուք շաքարավազի գների թանկացման պարագայում որևիցե ռեալ պատճառաբանություն, որն ինչ-որ կերպ կբացատրեր գնի թանկացումը, բերելն անհնար է, քանի որ, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին: Այնպես որ՝ հաստատ կարելի է պնդել, որ շաքարավազի շուկայում նկատվող գնաճն արհեստական բնույթի է:

Ինչ վերաբերում է «Սնիկերսին» ու «Մարսին», ապա այստեղ ևս նույնական իրավիճակ է. թանկացումներն արհեստածին են, ու այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Հիմա՝ հարց՝ ովքե՞ր են այս ամենի համար պատասխանատվություն կրելու կամ կրելո՞ւ են, արդյոք, ընդհանրապես: Ասենք կգտնվի՞ գեթ մեկը, գեթ մեկ պետական մարմին, ասենք ՏՄՊՊՀ-ն, որն այս օրերին կհամարձակվի կանգնել ու հրապարակայնորեն հայտարարել՝ տեղի է ունեցել չարաշահում, ու մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն: Կարող եք չկասկածել՝ եթե բանը հասնի ՏՄՊՊՀ-ին, նրանք ինչ-որ «տրամաբանական» պատճառաբանություն կգտնեն հաստատ ու կարդարացնեն հայտնի օլիգարխների քայլերը. ճարներն ի՞նչ...

Ցավոք, կյանքը ցույց է տալիս մեկ բան՝ միակ կերպն ու լեզուն, որով շատ ռեյտինգայիններ նախընտրում են շփվել սեփական ընտրողի հետ, փողն է, հենց կանաչներն են դառնալու այն ունիվերսալ լեզուն, որով առաջինները շփում են հաստատելու վերջինների հետ. փաստորեն՝ նրանց հետ շփվելու թանկ հաճույքը վայելելու համար պետք է էն գլխից վճարել...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ