ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ:

2017 թվականի մարտի 2-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 6 աշակերտի ինքազգացողությունը վատացել է, և տեղափոխվել են «Ստեփանավան բժշկական կենտրոն», որտեղ նրանց մոտ ախտորոշվել է «Սննդային թունավորում»:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք նույն օրը՝ ժամը 11-ի սահմաններում, հիշյալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանված ճաշացանկով մատակարել են հաց և բրնձով ապուր, ինչն ուտելուց հետո 6 աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք ժամեր անց՝ ժամը 18:10-ից ժամը 18:35-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի նշված 6 աշակերտները ճանաչվել են տուժող, իսկ նրանց ծնողները՝ որպես անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչներ:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշված դպրոցի ճաշարանից վերցվել են բրնձով ապուրի, տոմատի մածուկի, բրնձի և հացի նմուշներ, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին