Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, շատերը նկատած կլինեն, ամենահաճախ ընդգծվող, շեշտվող մտքերից մեկն էլ այն է, որ 2017թ-ի ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրությունները Հայաստանի համար պատմական են դառնալու ոչ միայն կապված նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու հետ, այլև՝ Հայաստան-միջազգային հանրություն հարաբերությունների տեսանկյունից. Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հետագա ընթացքն ու որակը մի շարք հայտնի վերլուծաբաններ, արևմտյան գործիչներ, դեսպաններ պայմանավորում են հենց կայանալիք ԱԺ ընտրությունների որակով, դրանց ընթացքով ու արդարացիության մակարդակով:

Պետք է նկատել, որ Հայաստանում ժողովրդվարական ընտրությունների կայացման հարցում բացառիկ շահագրգռվածություն է ցուցաբերում հատկապես պաշտոնական Վաշինգտոնը՝ ի դեմս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ով, ինչպես հայտնի է, արդեն իսկ սկսել է հանդիպումներ ունենալ իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում խիստ կարևորել է անցկացվելիք ընտրությունների որակն ու իշխանությունների վճռակամությունը՝ քաղաքական ընտրություններն անցկացնելու միջազգային տարրական նորմերին համապատասխան՝ մեծ հաշվով հենց այդ իրողությամբ պայմանավորելով Հայաստանի խաղաղ ապագան ու բարեկեցությունը:

Եվ այսպես՝ ի՞նչ կարող է այս աժիոտաժը նշանակել կամ ինչ ուղերձ է Արևմուտքը ցանկանում հղել Հայաստանին՝ շեշտադրելով հենց 2017թ-ի ընտրությունների գործոնը: Նախ՝ ակնհայտ է, որ այս ամենով նույն ԱՄՆ-ը ցանկանում է հստակորեն հասկացնել իշխանություններին, որ իրենք լիովին տեղյակ են այն նրբություններից, որոնցով սովորաբար ուցեկցվում են մեր երկրում անցկացվող բոլոր ընտրությունները: Պատահական չէ, որ նույն՝ դեսպան Միլսը վերջերս մի առիթով այս առումով արտահայտվել էր հստակորեն. «Մեզ հաղորդումներ են հասնում, որ փորձեր են արվում քվեներ գնելու, փորձում են մարդկանցից ճշտել, թե ում են տալու իրենց ձայնը: Սրանք ընդունելի չեն, ազատ ու արդարացի ընտրությունների մաս հանդիսանալ չեն կարող: Բոլոր կուսակցություններին, որոնք նման բան են անում, ուզում եմ կոչ անել, որ դադարեցնեն. դա օրինական չէ: Հայաստանի քաղաքացիներն ու ընտրողներն էլ պետք է այս երևույթների մասին փորձեն հաղորդումներ ներկայացնել ՄԻՊ-ին կամ ոստիկանությանը, որպեսզի այս երևույթները չպահպանվեն, որ ընտրություններն արդար անցնեն, թափանցիկ, իսկ դա բոլորի համար լավ կլինի»:

Այն բանում, որ 2017թ-ի ընտրությունները բոլոր շանսերն ունեն՝ դառնալու Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբևիցե անցկացված ընտրություններից վատթարագույնը, կարելի է անդառնալիորեն համոզվել՝ հետևելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված որոշ պատգամավորացուների շարժուձևին. այն, ինչ կատարվում է այսօր տարածքային ընտրատեղամասերից շատերում, այլ կերպ, քան կատարյալ խառնաշփոթ ու խայտառակություն չես կարող անվանել. հզորները փորձում են ճնշել թույլերին, երկու հզոր միմյանց կոկորդ են կրծում, երկու հզոր երեք թույլի ջանին ջառմա են դառնում և այսպես շարունակ. մի խոսքով՝ ամեն բան մայր բնության օրենքներով:

Հիմա հարց է ծագում՝ նրանք, ովքեր գիտակցաբար պղտորում են Հայաստանն իրենց գազանային բարքերով, ովքեր ընտրությունները վերածում են իսկական խեղկատակության, ովքեր հիմնովին սասանում են մեր երկրի միջազգային հեղինակությունը, արդյո՞ք լիովին գիտակցում են իրենց պետականակործան գործունեության բոլոր հետևանքները: Գիտակցո՞ւմ են, արդյոք, որ հաճախ արջի ծառայություն մատուցելով սեփական թիմակիցներին՝ չեն նպաստում ոչ միայն նրանց՝ ժողովրդի շրջանում ունեցած կամ չունեցած հեղինակության մեծացմանն, այլև սասանում են հայոց պետականության հիմքերը: Ցանկություն կա հավատալու՝ գոնե ոչ, քանզի եթե նրանց այդ պահվածքը կրում է միանգամայն գիտակցված բնույթ, ապա ակնհայտ է, թե իրականում ինչի հետ գործ ունենք մենք:

Նրանք, ովքեր սեփական կյանքի իմաստը, գոյության բուն բովանդակությունը ցանկանում են պայմանավորել բացառապես ԱԺ սողոսկմամբ,պետք է հստակորեն գիտակցեն, որ ապրիլի 2-ից հետո գալու է ապրիլի 3-ն, ու խորհրդարանական ընտրություններով չէ, որ որոշվում է կյանքում ամեն բան. նեղանձնային շահերից շատ ավելի կարևոր բաներ կան այս կյանքում, որոնք ոչ մի կերպ չեն կարող ստորադասվել անձնական նկրտումներին: Սեղանին Հայաստանի անվտանգության հարցն է, գոյության հարցն՝ ընդհանրապես, ինչը՝ չգիտակցել կամ չկարևորել ոչ մի կենդանի շունչ իրավունք չունի. Արևմուտքը մեզ հենց դա է փորձում հասկացնել...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ