Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգելու համար Եռաբլուրում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այսօր ընդդիմադիր՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով հանդես եկող Սեյրան Օհանյանը: 

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց դաշինքը քարոզարշավի մեկնարկը տալիս է հենց Եռաբլուրից, ինչն իրենց համար մեծ պատիվ է. «Մեր դաշինքի ղեկավարությունը համապատասխան կազմով ծաղկեդրման արարողություն կկազմակերպի: Կարծում եմ՝ սա և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն: Մենք մեր ընկերների առջև պարտավորվածություն ունենք մեր հայրենիքի բարեկեցիկ ապագան և նաև անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Օհանյանը՝ շեշտելով, որ նախընտրական քարոզարշավը սկսելու են հենց սահմանային շրջաններից:

Օհանյանից լրագրողները մեկնաբանություն խնդրեցին նաև վարչապետի հայտարարության վերաբերյալ, թե ապրիլյան իրադարձությունների  ժամանակ բանակին հատկացված դիզվառելիքի հետ կերոսին է խառնված եղել: Օհանյանը պատասխանեց. «Ես խորհուրդ կտայի այսպիսի օրերին կենցաղային հարցերով չզբաղվել, եթե ուզում են կարգ ու կանոն հաստատել, թող զբաղվեն այդ հարցերով»: