Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում գեներալ Մանվել Գրիգորյանն, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքերին, լրագրողներին հորդորեց մեկ-երկու ծեծկռտուքի դեպքով չխոսել ամբողջ «Հանրապետական» կուսակցության թիմի մասին:

Հարցին՝ ինչով է պայմանավորված այն, որ ընտրություններից առաջ հենց այս կուսակցության թիմակիցներն են հայտնվում ամենաշատ սկանդալների մեջ և հաճախակի էլ զենք կիրառում, Մանվել Գրիգորյանը պատասխանեց.  «Էնպես չէ,  որ զենք՝ միայն հանրապետականներն ունեն, զենք՝ հայ ազգն ունի, մի՛ վարկաբեկեք: ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի ստեղծած կուսակցությունն է, իսկ մեկ- երկու անշնորհք բան անողներով՝ մի՛ վարկաբեկեք ՀՀԿ-ն»,-ասաց գեներալը՝ դատապարտելով ուժի կիրառումը:

Գեներալ Մանվել Գրիգորյանն անդարադարձավ նաև քարոզարշավի մեկնարկի և սպարապետի ծննդյան օրվա զուգադիպությանը՝ նշելով, որ սպարապետը Աստծու կողմից տրված մարդ էր, ուստի կարծում է, որ այս զուգադիպությունը մեր երկրին զորություն կբերի: 

Աղավնի Սուքիասյան