«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը տվեց խորհրդարանական ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը: ՀՅԴ-ն ներկայացրեց նախընտրական ծրագիրը: Հավաքին ներկա էին ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Դաշնակցությունն ի տարբերություն շատ-շատերի, գաղափարախոսություն, ծրագիր, արժեհամակարգ, փորձառություն ունեցող կուսակցություն է։

«Սկսում ենք՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։ Մեզ համար արդարությունը հիմքերի հիմքն է։ Արդարությունը հայ ժողովրդի տեսակի, բնույթի, էության մեջ է։ Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ազատ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ, զարգացող, ինքիշխան, բարեկեցիկ, երիտասարդ , իրավունքի Հայաստանն է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ իրենք հասնելու են դրան։ Նրա խոսքով՝ իրենք արդեն երկրում համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ են դրել։ «Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք»,- ավելացրեց ՀՅԴ նախընտրական շտաբի պետը։

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ այս ԱԺ ընտրությունները բացառիկ են լինելու հայ ժողովրդի համար, քանի որ իրենց տեսակի մեջ առաջին ընտրություններն են:

«Մենք շատ երկար ենք գնացել այն ճանապարհով, որ կարողանանք մեր ժողովրդին տալ այս հնարավորությունը՝ ընտրել նոր համակարգում, նոր ընտրակարգով, ըստ էության, հիմնադիր խորհրդարան: Այս խորհրդարանը 25-26 տարվա անկախություն ունեցող մեր պետության պատմության մեջ դառնալու է հիմնադիր խորհրդարան, որովհետև այս խորհրդարանը լինելու է այն շարժիչ ուժը, որը գործի է դնելու բոլոր այն բարեփոխումները, որոնց համար նախադրյալներ ենք ստեղծել սահմանադրությամբ և օրենսդրությամբ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա համոզմամբ, չի կարող երկրում առանձին վերցրած որևէ խնդիր լուծում գտնել, եթե գործընթացները ճիշտ ընթացքի մեջ չեն դրված: ՀՅԴ-ն չի գնալու առանձին ոլորտներում կամ առանձին խնդիրների վերաբերյալ խոստումներ տալու ճանապարհով, քանի որ ՀՅԴ-ն դատարկ խոստումներ երբեք չի տվել:

«Մենք այս ընտրապայքարի մեջ ենք մտնում արած գործը ներկայացնելու և ժողովրդից մանդատ հայցելու, որ կարողանանք շարունակել սկսած գործը: Դաշնակցությունը լուրջ գործընթաց է սկսել արդեն քանի տարի, և այդ գործընթացը շարունակելու առաքելություն ունի: Մենք պարտավորություն ունենք սկսածը անշրջելի դարձնելու, բարեփոխումներն էլ ավարտին հասցնելու համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ Ռուստամյանի, հանրության մեծ մասը չգիտի, թե ինչ փոփոխություններ են բերել սահմանադրական փոփոխությունները, և դրանք ինչ ազդեցություն են ունենալու: Եվ սահմանադրական փոփոխությունների անմիջական մասնակից Դաշնակցության պարտքն է' բացատրել կատարվածի կարևորությունն ու նշանակությունը:

Նրա խոսքով' ժողովուրդը պետք է վեր կանգնի ամեն տեսակ ճնշումներից: Նա կոչ արեց բոլորին գիտակցել իրենց ընտրության իրավունքը, չառաջնորդվել «խնամի-բարեկամ» սկզբունքով, այլ վստահել այն ուժին, որն իր քայլերը մեծ համոզումով է իրականացնում:

ՀՅԴ համամասնական ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր ելույթում ուշադրություն հրավիրեց ՀՅԴ կարգախոսին. իր հիմնադրման օրվանից ի վեր դա «ազատ, անկախ, միացյալ Հայաստան»-ն է: Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից ՀՅԴ-ն, իբրև հարյուրամյակն անցած կուսակցություն, ստանձնել է Հայաստանի անկախությունն ու կայունությունը պահպանելու դերակատարումը: Այս 25 տարիների ընթացքում Հայաստանն անցել է լուրջ փորձություններով, որի ժամանակ ՀՅԴ-ն կատարել է իր հիմնական առաքելությունը' Հայաստանում իշխանությունը հավասարակշռել, թույլ չտալով, որ հանրությունը գլորվի անկայունության անդունդ:

«Մենք կայուն զարգացման քաղաքական ուժն ենք, և դրա հիմքում' մարդն է:Մեր կարգախոսը' «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան»-ը, հենված է երեք կարևոր սյուների վրա. մարդ, ընտանիք, ազգ: Եվ չի կարող մի կետ այս գագաթներից ոտնահարված լինել: Մեր հիմնական հույսը հայ մարդն է, ով իրավունք ունի ազատ ապրելու իր հայրենիքում»,- ասաց Լևոն Մկրտչյանը' հավելելով, որ այսօր պատմական շանս ունի Հայաստանը' ձևավորելու լուրջ դերակատարում ունեցող խորհրդարան, որը կերաշխավորի իշխանության հավասարակշռումը:

ՀՅԴ համամասնական ցուցակի 3 հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի կարծիքով՝ ՀՅԴ-ն այն եզակի քաղաքական ուժն է, որը հաղթած է գնում այս ընտրություններին:

«Հաղթում են ոչ թե մանդատներով, այլ գաղափարներով: 25 տարի մենք մեր երկրում համառորեն պայքարել ենք, որ երկրում փոփոխություններ կատարվեն կառավարման ոլորտում: Նույն համառությամբ կուզենամ, որ դաշնակցությունը ձեռնամուխ լինի տնտեսական ոլորտում պայքարի, պայքար, որը կտանի երկրի ՀՆԱ-ի աճին, բնակչության բարեկեցության ավելացման և ամենակարևորը' ներքին համերաշխության ա պահովմանը: Ոչ մի երկրում ներքին համերաշխություն գոյություն ունենալ չի կարող, եթե կա եկամուտների լուրջ անհավասարություն»,- ասաց Դավիթ Լոքյանը՝ հավելելով, որ իրենց նպատակն է երկրի տնտեսությունը ուժեղացնել և ներկայացրեց դրա համար անհրաժեշտ իր տեսլականը:

ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ պետական կառավարման համակարգը հիմնովին վերանայելու անհրաժեշտություն կա:

«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի՝ մեր առաջնահերթությունների մեջ է այն, որ պետական ծառայողը պետք է վստահ լինի՝ վարձատրությունը, որը տրվում է իրեն, ապահովելու է թե՛ իր սոցիալական, թե՛ իր պարտականությունների լիարժեք իրականացման ֆինանսավորումը, որպեսզի նրա մոտ չդրսևորվեն կոռուպցիոն այս կամ այն դրսևորումները: Այս հենքի վրա է, որ մենք առաջարկում ենք հակակոռուպցիոն այնպիսի մարմնի ստեղծում, որը կներառի հասարակության տարբեր շերտերի, ընդդիմության ակտիվ մասնակցությունը: Մենք առաջարկում ենք պետական ծառայության այնպիսի սկզբունքներ, որոնք հիմնված են հայրենասիրության, պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով' ՀՅԴ-ն հասնելու է նրան, որ երկրի բնական ռեսուրսները' հողը, ջուրը, ընդերքը, մթնոլորտը, կեդանական ու բուսական աշխարհը որպես ժողովրդի սեփականություն, ծառայեն հենց ժողովրդին ու քաղաքացուն:

ՀՅԴ համամասնական ցուցակի 4-րդ տեղում գտնվող Արմենուհի Կյուրեղյանն անդրադառնալով իրենց կարգախոսին, նշեց, որ արդար Հայաստանը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում սոցիալական արդարությունն է: «Մենք այսօր ունենք երիտասարդություն, կանանց ներկայացվածություն, և նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծում: Նայեք մեր ծրագրին, նայեք մեր թիմին, և կտեսնեք, որ ՀՅԴ-ն ի զորու է ի կատար ածելու իմ ծրագիրը»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ելույթում անդրադարձավ Արցախի հարցին: Նրա խոսքով՝ ազատ, անկախ Արցախը մարտավարական հանգրվան է, որը տանելու է դեպի միացյալ Հայաստան: «Անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի ու Արցախի միջև ռազմաքաղաքական գործակցությունը: Կարևոր ենք համարում մեր բանակի հզորացումը, այս ուղղությամբ արդեն կան որոշ ծրագրեր, որոնք սկսել են իրագործվել: Մեր մոտեցումն է՝ Նիկոլ Դումանի մշակած համաժողովրդային բանակի օրինակով բարձրացնել մեր բանակի պաշտպանունակությունը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Կիրո Մանոյանի խոսքով՝ ՀՅԴ-ն ոչ ռուսամետ է, ոչ ամերիկամետ, ոչ եվրոպամետ: ՀՅԴ-ն հայամետ է և հայաստանակենտրոն: Նա կարևորեց Սփյուռքին Հայաստանի կյանքին հնարավորինս մասնակից դարձնելը: Նրա խոսքով՝ կարևոր ուղղություններից է նաև Վրաստանի հետ հարաբերությունների սերտացումը: ՀՅԴ-ն գտնում է, որ դա կարևոր է Ջավախքում բնակվող վիրահայության քաղաքացիական իրավունքների տեսանկյունից: