Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին եւ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեին առաջարկել է միասին քննարկել դժվարին իրադրությունից «Հանրապետականներ» կուսակցության դուրս գալու հնարավոր տարբերակները, որն ստեղծվել է Ֆիյոնի նախընտրական արշավի շուրջ ծավալված սկանդալի կապակցությամբ:

Այդ մասին ասված է Սարկոզիի տարածած հայտարարության մեջ, որը մեջբերում է Le Monde թերթը:

«Մեր շարքերում միասնության բացակայությունը բարեբեր հող կստեղծի ծայրահեղ աջերի համար: Այդ կապակցությամբ ես Ֆրանսուա Ֆիյոնին եւ Ալեն Ժյուպեին առաջարկում եմ հանդիպել՝ այս իրադրությունից դուրս գալու արժանի եւ հուսալի ուղի գտնելու համար, որը չի կարող շարունակվել եւ լուրջ խնդիրներ է ստեղծում ֆրանսիացիների համար»,-պարզաբանել է Սարկոզին:
«Հանրապետականներ» կուսակցության ներսում ճգնաժամը խորանում է այն բանից հետո, երբ Ֆիյոնը խոստովանեց դատարան ներկայանալու ծանուցագիր ստանալու մասին, որտեղ նրան պետք է մեղադրանքներ ներկայացնեն կեղծ աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով ենթադրյալ հափշտակումների գործով:

Ավելի վաղ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից այդ մեղադրանքների պատճառով, որոնք ապագայում կարող են վերածվել նաեւ քրեական հետապնդման: Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում:
Շատերը կարծում են, որ Ֆիյոնի միակ այլընտրանքը, եթե նա որոշի հանել իր թեկնածությունը կամ եթե նրան հարկադրեն դա անելու, մնում է Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն:

Մարտի 5-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցների ընդգրկուն հանրահավաք, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: