Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն հրաժարվել է «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու: Նա այդ մասին հայտարարել է՝ հանդես գալով շտապ կարգով գումարված խորհրդաժողովում:

«Այսօր կուսակցության միասնությունն ապահովելն էլ ավելի բարդ խնդիր է, քան մի քանի ամիս առաջ: Այժմ արդեն չափազանց ուշ է առաջադրել իմ թեկնածությունը,- ասել է Ժյուպեն: -Ես մեկընդմիշտ հաստատում եմ, որ այս ընտրություններում թեկնածու չեմ լինի»:
Ֆիյոնը «Հանրապետականներ» կուսակցությունից միակ թեկնածուն է մնում Ժյուպեի հրաժարվելուց հետո:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին եւ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեին առաջարկել է միասին քննարկել դժվարին իրադրությունից «Հանրապետականներ» կուսակցության դուրս գալու հնարավոր տարբերակները, որն ստեղծվել է Ֆիյոնի նախընտրական արշավի շուրջ ծավալված սկանդալի կապակցությամբ:

«Մեր շարքերում միասնության բացակայությունը բարեբեր հող կստեղծի ծայրահեղ աջերի համար: Այդ կապակցությամբ ես Ֆրանսուա Ֆիյոնին եւ Ալեն Ժյուպեին առաջարկում եմ հանդիպել՝ այս իրադրությունից դուրս գալու արժանի եւ հուսալի ուղի գտնելու համար, որը չի կարող շարունակվել եւ լուրջ խնդիրներ է ստեղծում ֆրանսիացիների համար»,-պարզաբանել է Սարկոզին:

Իր հերթին Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից: Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: