Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանում մեկնարկեց կանանց ներգրավածությունը բիզնես ոլորտում խթանող «Գործարար կանայք» ծրագիրը: Նշենք, որ Հայաստանն առաջինն է միացել ՎԶԵԲ-ի կողմից ֆինանասավորվող այս ծրագրին, որի բյուջեն կազմում է 55 մլն դոլար:

 

Հայաստանում ծրագրի մեկնարկին ներկա էին ինչպես հայազգի հայտնի գործարար կանայք, այնպես էլ բիզնես լեդիներ՝ արտերկրից: Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին:

 

Դեսպանի խոսքից անմիջապես հետո դահլիճ ներխուժեց բնապահպան ներկայացող մի աղջիկ՝ բարձրաձայն բղավելով, որ նմանատիպ ծրագրերը Հայաստանում խթանում են մարմնավաճառության զարգացմանը. «Արդեն քանի տարի է' ֆինանսավորում են նման ծրագրեր, որի նպատակը Հայաստանում մարմնավաճառության զարգացմանը նպաստելն է: Դուք ամեն ինչ անում եք, որ այս երկրում դա զարգանա, բավակա՛ն է էլի, խաղաք»,-բղավեց դահլիճ ներխուժած «բնապահպանը»: Ի դեպ, աղջիկն իր խոսքը ներկա օտարերկրացիներին հասկանալի դարձնելու համար կրկնեց նաև անգլերեն լեզվով:

 

Նշենք, որ սկանդալի հեղինակն իր հետ բերել էր նաև պահպանակներ, որոնք բաժանեց դահլիճի առաջին շարքում նստած հայ և օտարերկրյա մասնակիցներին: