Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրղզստանում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է, թե Եվրասիական միությունից դուրս գալու դեպքում որևէ երկիր ռուսական գազի դիմաց պետք է վճարի միջազգային գնով: Չնայած՝ ՌԴ վարչապետը հայտարարում է, որ կառույցում ոչ մեկին ուժով չեն պահում, ակնհայտ է, որ խաղի նման կանոնների սահմանումը՝ ինքնին նշանակում է սպառնալիք և ուժի գործադրում՝ կանխելու համար ԵՏՄ-ից սպասվող արտահոսքը: Մեդվեդևի այդ սպառնալիքի հասցեատերը ոչ միայն Բելառուսն է. ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանի լարվածության աճը:

Մեդվեդևի հայտարարությունը այլ երանգներ է ստանում, երբ այն դիտում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Եվրոնյուզին օրերս տրված հարցազրույցում հնչեցրած մտքերի ֆոնին: Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացնելիս ՀՀ–ը ՌԴ կողմից որևէ ճնշման չի ենթարկվել, պարզապես՝ ռուսական կողմը զգուշացրել է, որ չանդամակցելու դեպքում Հայաստանը գազի դիմաց կվճարի միջազգային գներով, այսինքն՝ կրկնակի թանկ:

Սրանով Սերժ Սարգսյանը փորձում է հիմնավորել մեկ գիշերվա ընթացքում կայացրած որոշումը, ինչը բազմաթիվ քննադատությունների առիթ էր դարձել: Այսինքն՝ Ռուսաստանի վարչապետը չի ասում, որ ԵՏՄ-ից ոչ ոք դուրս չի գա, քանի որ այդ կառույցը ունի գրավիչ հեռանկար, տալիս է իր անդամներին տնտեսական և քաղաքական զարգացման հնարավորություն, բարձրացնում է անվտանգության մակարդակը, ապահովում է համատեղ բարեկեցության հասնելու հավաքական մեխանիզմներով, բազմապատկում է յուրաքանչյուր անդամի ներուժը, այլ խոսում է լատենտ սպառնալիքների լեզվով՝ ինչը բնորոշ է վերջին տարիների ռուսական արտաքին քաղաքականությանը:

ՌԴ վարչապետի հռետորաբանության կոշտացումը պայմանավորված է նաև մեկ այլ կարևոր գործոնով, այն է՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունններում նկատվող ակտիվությամբ: Այժմ արտաքին գործերի փոխնախարարը հայտարարում է, որ հույս կա, թե 2017-ի առաջին եռամսյակում այն կստորագրվի: Սա հետաքրքրական ժամկետ է: Հետաքրքրական է նրանով, որ 2017 թվականի առաջին եռամսյակը կլինի Հայաստանի, այսպես ասած, նախընտրական ամենաթեժ եռամսյակը, որից հետո էլ՝ արդեն ապրիլին, կլինեն խորհրդարանական ընտրությունները:

Այդ ընտրություններում Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, որոնց իրականացումը իշխանությունների համար, իհարկե, բարդություններով լի է լինելու և բավականին ռիսկային իրավիճակ է: Հայաստանի իշխանությունների համար դա իսկապես մարտահրավեր է՝ հաշվի առնելով նաև այն, որ միջազգային հանրության, այդ թվում, մասնավորապես, Եվրամիության արձագանքն այդ ընտրություններում իշխանության գործողություններին՝ շատ կարևոր է լինելու նաև հետագա տնտեսական հատկացումների տեսանկյունից, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի իշխանության համար:

Նախընտրական այս փուլում ակտիվացել են նաև ՀՀ-ում ՌԴ և ԵՄ դեսպանները, ինչը կարելի է բացատրել ՀՀ–ում նախընտրական և հետընտրական գործընթացների վրա ազդելու լծակներ ձեռք բերելու ցանկությամբ: Թե ԵՄ, թե ՌԴ դեսպանները այս օրերին հայտարարում են գալիք ընտրություններից իրենց ունեցած ակնկալիքների մասին:

Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներով, եթե ՀՀ-ն լքի ԵՏՄ-ն, այսինքն՝ ռուսական ազդեցության տիրույթը, իսկ ԵՄ-ն իր հերթին՝ սպառնում է ՀՀ-ը թողնել առանց ֆինանսական աջակցության՝ եթե գալիք ընտրությունները չբավարարեն եվրոպական ստանդարտներին՝ ինչը նույնպես կարելի է դիտարկել նախընտրական շրջանում իշխանությունների վրա ազդեցության գործադրման միջոց: Հետևաբար, ՀՀ իշխանությունները կրկին հայտնվում են երկու քարի արանքում…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ