Եվրամիությունը մարտի 15-ին կես տարով կերկարացնի պատժամիջոցները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարավ - արեւելքի ինքնահռչակ հանրապետությունների 146 քաղաքացիների, ինչպես նաեւ 37 կազմակերպությունների դեմ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է եվրոպացի դիվանագիտական մի աղբյուր:

«ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհուրդը («Կորեպեր») ՌԴ-ի եւ Ուկրաինայի համար սեւ ցուցակը վեց ամսով կերկարաձգի մարտի 15-ի հերթական նիստում»,- ասել է նա:

Ռուսաստանի համար սեւ ցուցակը վերջին անգամ կես տարով երկարաձգվել է սեպտեմբերի 15-ին: Այն ժամանակ դրա մեջ մտնում էր 146 մարդ, ներառյալ ՌԴ-ի իշխանությունների ներկայացուցիչներ, ռուսաստանցի քաղաքական գործիչներ, գործարարներ եւ ուժայիններ, ինչպես նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) ղեկավարներ:

Ցանկում ներառվել են 37 կազմակերպություններ, այդ թվում՝ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի բոլոր հայտնի ռազմական եւ քաղաքական կառույցները, որոնց հետ եվրոպական բիզնեսին արգելված է որեւիցե հարաբերություն հաստատելը:

Բոլորին, ովքեր հիշատակված են ցուցակում, արգելված է ԵՄ մուտքը, իսկ նրանց ակտիվները, Եվրոպայի բանկերում դրանց հայտնաբերման դեպքում, ենթակա են սառեցման: