ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Երևանում «Նոյ» ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրով նախատեսված տարածքի կառուցապատման նախագծերի մշակման վերաբերյալ:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված ծրագրով Դալմայի այգիներին հարող տարածքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև` նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնեգործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում եւ այլն) ներկայացնող ցուցասրահներով:

Որքանո՞վ է նպատակահարմար Դալմայի այգիներին հարող տարածքը նոր թաղամաս կառուցելու համար, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել քանդակագործ, ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանից: 

Վերջինս նշեց, որ ինքը դեմ է քաղաքի ներսում ճարտարապետական կառույցներ կառուցելու այդ որոշմանը՝ այն համարելով սխալ ճարտարապետության դրսևորում. «Քաղաքի մեջ թող չանեն, դա մեծ ողբերգություն է, ամբողջ քաղաքը քանդեցին ուրիշ բաներ կառուցեցին: Ես միշտ ասել եմ քաղաքից դուրս, ծայրամասերում պետք է կառուցել: Օրինակ, «Վահագնի թաղամասի» հատվածում մինչ կառուցելը քարքարոտ անապատ էր: Եթե քարքարոտ տեղում պետք է լինի այդ թաղամասը՝ թող կառուցեն, եթե ոչ, ապա կանաչ հատվածները վերացնելը վատ բան է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ  նման նախագծեր նախկինում էլ են եղել, որոնք, սակայն, անկատար և թերի են մնացել. «Ուզում են ազգագրական թաղամաս սարքել, սակայն, ինչքան ազգագրական կառույցներ ունեինք քանդեցին: Եղել են հին շենքեր, որոնք մեծ արժեք են ներկայացրել, սակայն, ցավոք, այսօր դրանք չկան»,- վրդովմունք հայտնեց Ֆերդինանդ Առաքելյանը:

Նշենք, նաև, որ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց նաև Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ՝ ճշտելու, թե հերթական թաղամասն ինչով է տարբերվելու մյուսներից: Նա նշեց, որ «Նոյ»-ը լինելու է ազգագրական թաղամաս, որտեղ լինելու են մեկ երկու հարկանի տներ. «Շատ երկրներ ունեն ազգագրական թաղամասեր, որտեղ ներկայացված են իրենց ժողովրդական տները»:  

Սոնա Հարությունյան