Այսօր՝ մարտի 10-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակում հանդիպեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչների հետ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այստեղ Գագիկ Ծառուկյանը շեշտեց Դաշինքի կողմից առաջարկվող 15 կետերի կարևորությունը, որոնց իրագործման դեպքում մեր երկրում բարեփոխումներն ակնհայտ կլինեն:

 

«Մեր 15 կետերը վերաբերվում են բոլորին ու ունակ են կյանքը փոխել: Հենց առաջին ամսում այդ կետերը կյանքի կկոչենք: Դրանից հետո, ըստ մարզերի, կյանքի կկոչենք գլոբալ ծրագրերը, իսկ ամենակարևորը՝ պետական բյուջեի միջոցները կծախսվեն նպատակային»,- ասաց Ծառուկյանը:

 

Նա նշեց, որ չի եկել ասելու, թե ձայնն իրեն տան ու հենց իրենց ընտրեն, այլ ուղղակի ասում է, որ պետք չէ ընտրել «խաթրով». «Ձեր տունը քանդողը գյուղապետերն են, ովքեր իրենց պաշտոնը պահելու համար, իրենց կեղծիքները թաքցնելով, ձեզ համոզում են, որ իրենց ընտրեք, մնան պաշտոնին»,- հայտարարեց նա:

 

Երբ հավաքվածներից մեկը գոռաց, թե վախենում են, Ծառուկյանն արձագանքեց. մի՛ վախեցեք, «Ամբողջ պետությունը մեր դեմ է դուրս եկել 2015 թվականից, բայց վախենալ պետք չի: Որոշողը դուք եք, հետո ընտրությունը չվերջանա-ասեք՝ վա՜յ, իշխանափոխություն չի լինում: Կրկնում եմ՝ ես չեմ ասում հենց ինձ ընտրեք, բայց ընտրեք ուզելով, ոչ թե վախենալով: Ոչ մեկին չմեղադրեք, ում կհավատաք՝ նրան էլ կընտրեք, ոչ մեկին խաթր չանեք»,– հավելեց նա:

 

Նշենք, որ հաջորդ հանդիպումը Սպիտակում է: