Նախընտրական այս եռուն շրջանում անզեն աչքով անգամ նկատելի է արցախյան հիմնահարցի վերբերյալ պաշտոնական Երևանի հռետորաբանության կոշտացումը: Դրան նախորդել են մի շարք զարգացումներ: Փետրվարի վերջին տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարարի այցը Մոսկվա, որտեղ այլ հարցերի հետ մեկտեղ Լավրովի հետ քննարկվել էր նաև արցախյան հիմնահարցին վերաբերող դրույթներ:

Սերգեյ Լավրովը շատ հստակ խոսեց ռազմական գործողությունների վերսկսման, ռազմական հռետորաբանության անթույլատրելիության և Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կատարման մասին:

Լավրովն, այսպիսով, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը կապեց բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու և Ռուսաստանի առաջարկը քննարկելու հետ: Հայաստանը պահանջում է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն առանց նախապայմանների կատարվեն, որից հետո նոր բանակցություններ կընթանան տարածքների վերադարձի, ԼՂ կարգավիճակի և մնացած բոլոր հարցերի շուրջ:

Այս իրավիճակը ստեղծվել է ապրիլյան պատերազմի արդյունքում, և, եթե կողմերը շարունակեն հաստատուն մնալ յուրաքանչյուրն իր դիրքում, այն հանգուցալուծելու այլ ճանապարհ չի մնա, քան՝ ևս մեկ ռազմական էսկալացիան:

Ղարաբաղյան դիվանագիտական հարթակում իրերի այսպիսի դասավորությունն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը ԵԿՄ վերջին համագումարում և ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը իր ելույթներում խոսում էր ՀՀ առաջիկա ընտրությունների հետ կապված Ադրբեջանի պատրանքների և հնարավոր նոր սադրանքների մասին: Թերևս, ավելի, քան երբևէ՝ պաշտոնական Երևանի հռետորաբանությունը պակաս ռազմատենչ չէ:

Այս հարցում նկատվում է նաև ԵՄ և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիայի դիրքորոշման որոշակի փոփոխությունը, որն ակնհայտ դարձավ Սարգսյան-Օլանդ հանդիպման ժամանակ: Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ եթե արցախյան հակամարտության գոտում ներդրվեն հրադադարի պահպանման հետաքննության մեխանիզմներ, ապա դա թույլ կտա պատժել հրադադարը խախտող կողմին և ապահովել խաղաղ բանակցությունը:

Օլանդի այս հայտարարությունը զարմանալի չէ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ջերմացման ֆոնին: ԵՄ-ն, ի դեմս Ֆրանսիայի՝ փորձում է սիրաշահել Հայաստանին և այսպիսով դուրս բերել ՌԴ ազդեցության գոտուց, իր հերթին՝ Ռուսաստանը, քաջ գիտակցելով այս փաստը, արցախյան հակամարտության կարգավորման հարցում իր մարտավարությունն է պարտադրելու պաշտոնական Երևանին:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ստատուս-քվոյի փոփոխությունը, այն էլ՝ ընտրությունների նախաշեմին՝ քիչ հավանական է, հետևաբար, հռետորաբանության կոշտացումը համաձայնեցված է «աշխարհի հզորների» հետ, և կան երաշխիքներ, որ շեշտադրումների այսպիսի երանգավորման արդյունքում իսկանդերները և վերջիններիս համազարկը՝ ցուցադրականից բացի, այլ նպատակներով չի կիրառվի:

Երբ Հայաստանում ընտրությունների շրջանում իշխանությունները սկսում են հաճախ խոսել պատերազմի մասին, դա միանգամից ասոցացվում է նախընտրական մանիպուլյացիաների հետ: Չի բացառվում, որ նման տարր կա նաև նախընտրական այս փուլում…