Հայաստանի ամենաթանկ կրթություն տվող բուհերից մեկը, եթե ոչ գլխավորը, հայտնի բան է՝ Երևանի պետական համալսարանն է. գներն այստեղ բարձր են այն աստիճան, որ ամեն մահկանացու չէ, որ կարող է այսօր իրեն թույլ տալ՝ դառնալու Մայր բուհի ուսանող, քանի որ մի շարք ֆակուլտետներում ուսման վարձավճարներն ուղղակի ասղաբաշխական են: Մի խոսքով՝ Երևանի պետական համալսարանը հետզհետե վերածվում է էլիտար խավի զավակների համար յուրատեսակ փակ ակումբի, որի անդամ կարող են դառնալ միայն այն երիտասարդները, որոնց ծնողները կարգին փողատերեր են. համենայն դեպս՝ «պրեստիժնի» ֆակուլտետների պարագայում՝ հաստատ այդպես է:

Իհարկե, ԲՈՒՀ-ի ղեկավարությունը, որպես համալսարանի սոցիալականացվածության ապացույց, հաճախ բերում է ԲՈՒՀ-ում գործող զեղչային համակարգն ու տրտնջում, թե զեղչի տակ մտնողներն այնքան շատ են, որ համալսարանը գնալով աղքատանում է, բայց դե բոլորին էլ պարզից էլ պարզ է, որ նմանատիպ տրտունջներն ընդամենը մեկ նպատակի են ծառայում. փորձ է արվում հանրությանը հավատացնելու, թե ԲՈՒՀ-ի ղեկավարությունը ուսանողների փողերով չէ, որ միլիոնատերերին հատուկ կենցաղով ու կյանքով է ապրում:

Ինչպես գիտեք, որոշ ժամանակ առաջ՝ ԵՊՀ-ն փորձ էր կատարել չեղարկելու գերազանցության զեղչերն ու մի գիշերվա ընթացքում որոշել էին, որ այլևս տարբերություն չեն դնելու լավ ու վատ սովորող ուսանողների միջև: Ճիշտ է, նույն ուսանողության ճնշման ներքո՝ հետո ԲՈՒՀ-ը ստիպված էր եղել վերանայել իր մոտեցումները սույն հարցի հետ կապված, սակայն, դատելով օրերս մտցված նորամուծությունից, իրենց նպատակը ռեկտորատում որոշել են իրագործել մեկ այլ՝ առավել նուրբ մեթոդներով. այսուհետ Երևանի պետական համալսարանն իր շրջանավարտներին մանկավարժի որակավորում շնորհելու համար պահանջելու է վճարել 150000 դրամ:

Ու թեպետ որպես այս որոշման արդարացում՝ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը բերում է կամավորության սկզբունքն՝ ասելով, թե մանկավարժի կոչում ունենալն ամեևին էլ պարտադիր բան չէ, ու եթե մեկն ուզում է այդ կոչումը վաստակել, ապա պարտավոր է մուծվել, բայց դե միայն վերջին հիմարին կարող է պարզ չլինել, թե իրականում ինչ է տեղի ունենում. փորձում են բիզնես անել և վերջ:

Այնպես որ՝ խորհուրդ միամիտներին՝ երբեք մեկ աչքով չնայե՛ք ռեկտոր Սիմոնյանին. նա մասնագիտական գործունեության լրջագույն փորձ ունի ու գիտի՝ ինչպես հասնել իր ուզածին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ