Վերջին սոցիոլոգիական հարցումներն՝ անցկացված միջազգային հեղինակավոր ընկերությունների՝ Gallup International Association-ի և Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կողմից, մեկ բան փաստեցին՝ «սառույցն աստիճանաբար հալվում է»: Իսկ ի՞նչ է դա նշանակում:

 

Գաղտնիք չէ, որ մեզանում «սոցիոլոգիական հարցումներ» ասվածը տարիներ շարունակ հարաբերական հասկացություն է եղել. նմանատիպ հարցումները, որ անցյալում հիմնականում կատարվում էին իշխանությունների պատվերով ու իրականացվում էին տեղի մասնագետների ու ընկերությունների անմիջական մասնակցությամբ, գրեթե երբեք օբյեկտիվորեն չեն արտացոլել հասարակության շրջանում իշխող նախընտրական տրամադրությունները. որպես կանոն՝ դրանցում մեծ առավելություն ու նախապատվություն է տրվել իշխանական կուսակցությանն, այնինչ՝ բոլոր ընդդիմադիր ուժերին ձայների փշրանքներ են բաժին ընկել՝ հակառակ քաղաքագիտության բոլոր օրենքների ու տարրական կանոնների: Նման կերպ իշխանություններն, ըստ էության, ձգտել են կառավարել հասարակական կարծիքն ու այն ուղղորդել իրենց ձեռնտու հունով:

 

Բայց ինչպես օրերս համոզվեցինք, այժմ իրավիճակը բոլորովին այլ է երկրում: Միայն այն, որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունն իրականացրել են երկու խոշոր, միմյանցից անկախ ընկերություններ, խոսում է 2017-ի ընտրությունների նկատմամբ առաջացած հսկայական հետաքրքրության մասին՝ նախևառաջ ՀՀ սահմաններից դուրս. բոլորն են հասկանում, որ սրանք Հայաստանի համար ճակատագրական ընտրություններ են, ուստի՝ ցանկանում են ռեալ պատկերացում կազմել՝ ինչ տրամադրություններ են իշխում հանրության շրջանում:


Ուսումնասիրությունները, որոնք, ի դեպ, անցկացվել են դեռևս փետրվարին, այսինքն՝ այն ժամանակ, երբ քարոզարշավը չէր սկսվել, ճիշտ է՝ ընդամենը նախնական, բայց միանգամայն իրատեսական պատկերացում են տալիս հանրային տրամադրությունների վերաբերյալ. 1-ին տեղում քաղաքկան դաշտի թիվ մեկ ընդդիմադիր ուժն է՝ «Ծառուկյան» դաշինքը: Ընդ որում՝ հետաքրքրականն այստեղ այն է, որ տոկոսային առումով՝ գրեթե համանման պատկեր է առկա թե՛ Gallup International Association-ի, թե՛ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կողմից հրապարակված ուսումնասիրություններում. առաջինի դեպում՝ «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը բարձր է 26%-ից, իսկ ահա երկրորդի պարագայում՝ 27% է գնահատվել: Ինչպես վերը նշվեց, սրանք դեռևս նախնական տվյալներ են, ուստի՝ պակաս կարևոր չէ նկատի առնել, որ այս պատկերն ամենևին էլ վերջնական չէ և լիովին չի արտացոլում քաղաքական տվյալ ուժի ունեցած ողջ պոտենցիալը. սա, թերևս, ընդմենը դաշինքի մինիմալ շեմն է:


Բայց եթե հանրության համար այս ցուցանիշները ոչ մի կերպ անակնկալ չդարձան, ապա իշխանությունների համար, անկասկած է, դրանք անսպասելի էին. ուսումնասիրությունները գուժում են ոչ միայն իշխանական կուսակցությունների թուլության մասին, այլև' շատ ընդդիմադիրների, իսկ սա, ինչպես հասկանալի է, իշխանությունների առաջիկա պլաններում ոչ մի կերպ չի տեղավորվում:

 

Անհերքելի է մնում մեկ բան՝ աղքատության ու տագնապի ճիրաններում հայտնված ժողովուրդը երկրում իրական փոփոխություններ է ակնկալում, ընդ որում՝ շատ արագ ու կոնկրետ, ինչով էլ պայմանավորված է «Ծառուկյան» դաշինքի բարձր վարկանիշը:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ