«Ես չեմ ասում՝ դուք վատամարդ լինեք, թշնամի դառնաք, բայց երբ գնում եք ընտրության, ճիշտ որոշում կայացրեք։ Մարդիկ կարող են գալ ու շատ ճարտար խոսել, բայց իրական կյանքում 10 000 դոլար վաստակած չկան, բարեկամին օգնած չկան»։

 

Այս մասին այսօր Մարտունի քաղաքում քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքը 2012-ին կոալիցիա չմտավ, որովհետև ինքը ժողովրդի առաջ պարտք ուներ, հետևաբար, իր կաշին փրկելու և մի քանի նախարարական պորտֆելի համար՝ այդ քայլին չէր կարող գնալ։

«Սիրելի Ժողովուրդ, իմացե՛ք, մեղավորը դո՛ւք եք, սա ո՛չ հեղափոխություն է, ո՛չ արյունահեղություն, պետք է ընտրություն կատարեք ձայն տալով»։

Մարտունեցիներից մեկը սպորտային բազայի հարց բարձրացրեց, խնդրեց համալիր կառուցել իրենց քաղաքում:

«Բոլոր քաղաքներում է պետք սպորտային համալիրներ կառուցել, որպեսզի լավագույններին կարողանանք ընտրել, տանել մեզ մոտ»,-լսելով խնդրանքն, ասաց Ծառուկյանը։

Ծառուկյանի հետ հանդիպման էին եկել նաև «Ձեռքներդ հեռո՛ւ Սևանից» նախաձեռնության անդամները, նրանց ձեռքին կային «Ապամոնտաժե՛լ Սևանի ափին կառուցված անօրինական շինությունները»«Դադարեցնե՛լ Ամուլսարի հանքի շահագործումը» գրություններով պաստառներ։

Գագիկ Ծառուկյանը, մոտենալով ակցիայի մասնակիցներին, ասաց, որ ինքն անպայման ուշադրություն կդարձնի բարձրացված խնդրին։