ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն' «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին' իրենց լիազորություններն իրականացնելիս»:

 

Նշված իրավանորմերից ակնհայտ է, որ պաշտոնատար անձինք, այդ թվում' քաղաքական պաշտոն զբաղեցնողները, Ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ ազատ են իրականացնելու նախընտրական քարոզչություն։ Վերը նշված նորմերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպեu նաև պետական և համայնքային ծառայողներին արգելված չէ նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել' օրենքով նախատեսված որոշակի և հստակ սահմանափակումների պահպանման պայմանով։ Համապատասխան սահմանափակումներ նախատեսող նորմերով արգելքներն ուղղակիորեն սահմանվում են միմիայն այն դեպքերի համար, երբ նախընտրական քարոզչությունն ու ցանկացած բնույթի քարոզչական նյութի տարածումն իրականացվում է տվյալ անձանց լիազորություններն իրականացնելիս։ Ընդ որում' օրենքը նշված գործունեությունը կամ գործողությունները տվյալ անձանց կողմից իրականացնելու սահմանափակում է նախատեսում հենց այդ իրավասություններն իրականացնելիս, այսինքն' օրենքն արգելում է պաշտոնատար անձին նախընտրական քարոզչության իրականացման և պաշտոնական լիազորությունների իրականացման մեկտեղումը, սակայն օրենքը չի արգելում անձանց իրականացնելու որևէ կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն միայն այն պատճառով, որ տվյալ անձը միևնույն ժամանակ հանդիսանում է պաշտոնատար անձ։ Հարկ է նկատել, որ օրենսդիրը նախընտրական քարոզչություն իրականացնելու սահմանափումը կիրառել է ոչ թե կապված աշխատաժամանակի հետ, այլ պաշտոնական լիազորությունների իրականացման: Հետևաբար, վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է, և ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ:

 

ԿԸՀ մամուլի ծառայություն