Թուրքիայի հանդեպ Նիդերլանդների գործողությունները դուրս են գալիս դիվանագիտական էթիկայի սահմաներից՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը։

Որոշ եվրոպական ինստիտուտներ, մասնավորապես Եվրախորհրդարանի մի շարք շրջանակներ, ինչպես նաև Նիդերլանդները, սովորություն են դարձրել ցանկացած դեպքում այլ պետություններին անհիմն քննադատելը, «դաստիարակություն» իրականացնելը և այլոց հավակնություններ ներկայացնելը՝ ասել է Հաջիևը։

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն իր հիմնարար սկզբունքներ համարող Նիդերլանդների կառավարության գործողությունները թուրք պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ երկրում բնակվող թուրքական համայնքի ներկայացուցիչներին ազատ հավաքվել թույլ չտալը և նրանց դեմ ուժ կիրառելը, կրում են կանխակալ և հակասական բնույթ՝ նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Այդ գործողությունները նաև հանդիսանում են դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում, ինչպես նաև այնպիսի հիմնարար սկզբունքների խախտում, ինչպիսիք են մարդու իրավունքները, հավաքների ու խոսքի ազատությունը՝ ասել է Հաջիևը։