Որքան էլ ոմանք փորձեն, իսկ ավելի ճիշտ՝ ջանան Հայաստանի ապագան ներկայացնել վառ գույներով, իսկ 2017 թվականն էլ՝ որպես նորանոր ձեռքբերումների լուսավոր սկիզբ, փաստը մնում է անհերքելի, որ այս տնտեսական տարին ոչ մի լավ բան չի խոստանում մեր երկրին. առկա խնդիրներն ու տնտեսությունն արգելակող հիմնական պրոբլեմները ոչ միայն մնալու են նույնն ու խորանալու, այլև հներին ավելանալու են նաև նորերը՝ հավելյալ դժվարություններ ստեղծելով Հայաստանի հետագա զարգացման համար:

Մասնավորապես՝ վերջերս արտաքին շուկաներում նկատվող միտումները Հայաստանի տնտեսության համար խոստանում են առաջացնել ոչ այնքան նպաստավոր, եթե չասենք՝ բացահայտ անբարենպաստ ֆոն. կտրուկ էժանացել են պղինձը և նավթը, ու եթե մարտի սկզբին պղնձի մեկ տոննայի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում գերազանցում էր 6000 դոլարն, ապա այժմ դրա գինն արդեն 5700 դոլար է, ինչը նշանակում է, որ համամասնորեն էժանանում է նաև Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի գինը, ինչն էլ, բնականաբար, բերում է բյուջեի եկամուտների նվազմանը:

Ինչ վերաբերում է նավթին, որը, պետք է խոստովանել՝ մեզ համար նույնպես կարևոր է՝ կապված Ռուսաստանի Դաշնությունից եկող դրամական փոխանցումների հետ, ապա այստեղ ևս պատկերը հուսադրող չէ. այժմ 1 բարել նավթի գինը 51 դոլարից մի փոքր է ավել, ինչը նշանակում է ռուբլու արժեզրկում ու դրա գնողունակության նվազում:

Հարց կարող է առաջանալ՝ ինչպե՞ս կարելի է մեղմել Հայաստանի տնտեսության համար կործանարար համարվող, բայց միևնույն ժամանակ՝ միանգամայն օբյեկտիվորեն առաջ եկած այս բացասական գործոնների ազդեցությունը: Եթե նավթի պարագայում Հայաստանն անզոր է որևիցե բան փոխելու կամ ինչ-որ կերպ ստեղծված իրավիճակին հակազդելու, ապա նույն պղնձի պարագայում՝ կան, հստակորեն առկա են այն գործիքակազմերը, որոնց օգնությամբ հնարավոր կլինի մեղմել սպասվող բացասական ազդեցությունը:

Այս իմաստով՝ պետք է նկատել, որ մեր երկրում վաղուց մի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. մենք այդպես էլ չենք կարողանում բնությամբ հատկացված մեր բաժին բարիքը երկրի համար իրական նյութական հնարավորությունների վերածել: Որպեսզի հնարավոր լինի դա անել, մենք պետք է կարողանանք ապահովել Հայաստանի տարածքում առկա օգտակար հանածոների համալիր ու ռացիոնալ օգտագործումը, ինչը, սակայն, չի արվում: Բավական է ընդամենն ուշադրություն դարձնել համապատասխան թվերին ու ցուցանիշներին, որպեսզի պարզ դառնա՝ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք:

Չնայած՝ տարեկան ՀՀ-ում արդյունահանվում է շուրջ 33 մլն տոննա մետաղական հանքանյութ, որից 350 000 տոննան՝ պղնձի խտանյութ, շուրջ 20 000 տոննան՝ մոլիբդենի խտանյութ, 3.5 տոննան էլ՝ ոսկու, բայց արի ու տես, որ 1 տոննա հանքանյութի համար՝ բնօգտագործման վճարը պետության կողմից սահմանված է ընդամենը 600 դրամ: Կասկած լինել չի կարող այն բանում, որ եթե մենք այս մոտեցումը չվերանայենք, մեզ չի հաջողվելու մեղմել ՀՀ տնտեսության վրա շուկայում նկատվող բացասական գնային միտումները. բնօգտագործման վճարը պետք է արագորեն վերանայել:

Ի դեպ՝ ավելորդ չէր լինի նշել, որ քաղաքական ուժերից «Ծառուկյան» դաշինքի հանրահայտ 15 կետերից մեկով՝ նախատեսվում է նաև կոնկրետ կարգավորիչ քայլեր ձեռնարկել նաև այս ուղղությամբ:

Անհերքելի է մնում մեկ բան. Հայաստանի ընդերքը որևէ մեկի սեփականությունը չէ ու ոչ ոք արտոնված չէ այն կոպեկներով շահագործման տալ որևէ մեկին, իսկ առավել ևս՝ օտարներին. 2017-ը դժվարին տարի է լինելու, ինչը նշանակում է՝ պետք է գոտիները ձգել. պետությունը պետք է վերանայի իր մոտեցումները՝ կոնկրետ հարցերի վերաբերյալ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ