Հարավային Կորեայի դատախազությունն այս շաբաթ հարցաքննության կկանչի երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը որպես կասկածյալ կներկայանա երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն սկանդալի հետաքննության կապակցությամբ: Այդ մասին Սեուլում լրագրողներին հայտնել են հսկիչ գերատեսչության ներկայացուցիչները:

 

«Նախկին նախագահ Պակ Կըն Հեին հարցաքննության կանչելու որոշումը կընդունվի մարտի 15-ին, իսկ նա պատշաճ կերպով իրազեկված է այդ մասին»,-պատմել է հետաքննության ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով՝ Հարավային Կորեայի նախկին ղեկավարին կասկածում են այն բանում, որ նա հանցավոր համաձայնության մեջ է մտել իր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի հետ՝ մի շարք ընկերություններից խոշոր դրամական գումարներ շորթելու նպատակով:

 

Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:

 

Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: