Այսօր՝ քարոզարշավի իններորդ օրը, ԵԼՔ դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում էր: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հուսահատության ճգնաժամի եւ քաղաքականության անբաժանելի մասն է նաեւ այն, որ «Հանրապետական» կուսակցությունն այս ընտրություններում առաջադրել է պատգամավորության այնպիսի թեկնածուների, որոնք 5, 10, նույնիսկ 15 տարի ԱԺ պատգամավոր լինելով' անգամ մեկ նախադասություն չեն արտասանել ամբիոնից:

«Եվ հիմա այդ մարդիկ նորից ուզում են դառնալ ԱԺ պատգամավոր' լռության իրենց ստաժը եւս 5 տարով ավելացնելու համար, բայց Ազգային ժողովը լռելու տեղ չէ»:

Ելույթից հետո՝ բակում գտնվող քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց պատգամավորի թեկնածուից՝  արդյոք Նիկոլը հենց ի՞նքն է: Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը պատասխանեց.  «Նիկոլը ես եմ, ուրիշ Նիկոլ չկա»:

Լրագրողների հետ զրույցում՝ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով համացանցում լայն տարածում գտած դեբատների կազմակերպմանը, նշեց, որ պատրաստ է դեբատի: «Ես պատրաստ եմ բանավեճի անգամ Վիգեն Սարգսյանի,  Արմեն Աշոտյանի հետ: Բանավեճը նաև լավ հարթակ է՝ ծրագրերը ներկայացնելու համար: Կոչ եմ անում նաև լրագրողներին՝ հանդես գալ դեբատների կազմակերպման օգտին»: